ԱԿԲԱ-ի բանկոմատի մոտ կանգնած սպասում եմ, որ դիմացիս տարեց մարդը գումար հանի, ես մոտենամ ապարատին։ Տարեց տղամարդու դժգոհությունից հասկացա, որ գումարը հանելու հետ կապված խնդիր ունի։ Առաջարկեցի օգնել։ Չհրաժարվեց։ Գումարը հանելիս զուգահեռ խոսում է հետս.
- Էս փողը հանում եմ, որ ծաղիկ առնեմ, գիտես։ Էսօր կնոջս ծնունդն ա։
- Կարևոր գործ եք անում։
- Ես իրեն շատ եմ սիրում, տղա ջան։
Տղամարդը մի քիչ դժվար էր խոսում, հավանաբար ինչ-որ հիվանդության հետևանք էր։
Երբ գումարը հանում էր, և քանի որ կողքն էի կանգնած, տեսա, որ մոտ 3000 դրամ է հաշվին։ Ամբողջը հանեց։ Պարզ էր, որ թոշակառու է, և դա էլ հաշվի մնացորդն էր։
Երբ ավարտեց գործը, «դուխ» արեցի մի փոքր գումար առաջարկել զուտ տղամարդավարի օգնելու դիրքերից։ Նայեց ինձ, ասաց.
- Տղա ջան, սիրածդ կնոջը քո աշխատած փողով պիտի նվեր առնես, հակառակ դեպքում իմաստ չի ունենա։ Աշխատածդ փողով առած ծաղիկն ա արժեքավոր կարևոր մարդու համար։
Հետո ժպտալով ավելացրեց. «Հետո էլ կինս վերևից կտենա, խայտառակ կլնեմ»։
Հետո տեսա իրեն Զեյթունի գերեզմաններ գնալու ճանպարհին։