Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, լրացուցիչ պարզաբանման կարիք կա, քանի որ ՊԵԿ տարբեր պաշտոնատար անձանց կողմից արտահայտված տեսակետների միջև մամուլում փորձ է արվում հակասություններ փնտրել (իսկ այդպիսիք, բնականաբար, չկան)։
Մասնավորապես, երբ ճեպազրույցի ժամանակ մեր գործընկեր-լրագրողներին ներկայացվում է համատարած եկամուտների հայտարարագրման գործընթացում մեր հայրենակիցների արտագնա աշխատանքի դիմաց ստացված եկամուտները ևս հայտարարագրելու մասին տեսակետ (որը դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունի), դա ամենևին չի նշանակում, որ այդ եկամուտները ենթակա են հարկման, քանի որ հայտարարագրելը դեռևս չի նշանակում հարկել։ Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի դիմաց ստացված եկամուտները եկամտային հարկով հարկելու իրավական պարտականություններին, ապա անհրաժեշտ է նշել, որ այս պահին գործող օրենսդրությամբ ևս առկա է պարտադիր հայտարարագրման իրավական նորմ՝ այն դեպքում, երբ եկամուտներ ստացող մեր հայրենակիցները եկամտային հարկի կիրառման իմաստով հանդիսանում են ռեզիդենտ։
Ամեն դեպքում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ եկամուտների համատարած հայտարարագրման իրավակարգավորումների վերաբերյալ որևէ կոնկրետ նախագիծ ներկայումս առկա չէ, իսկ մամուլում շահարկվող բազմաթիվ հարցականներ, կարծում եմ, որ իրենց վերջնական պատասխաններն ու լուծումները կստանան հանրային քննարկումների ժամանակ։
Կից նյութն այստեղ