Քաղաքական դաշտը՝ որպես առողջ և գործող օրգանիզմ, կատարյալ է, երբ այնտեղ առկա են և գործունեություն են ծավալում քաղաքականությունն ավելի պլյուրալիստական դարձնող ինստիտուտները՝ կուսակցությունները, ՀԿ-ները, շարժումները, ինչպես նաև ԶԼՄ-երը: Հենց նշվածներն են հանդիսանում այսպես կոչված «դեմոկրատական» և «բաց հասարկության» կայացմանը նպաստող հիմնական նախապայմանները:
ՀՀ քաղաքական դաշտը սպեցիֆիկ է. այստեղ առկա են և՛ ակտիվ ՀԿ-ներ, և՛ հասարակական շարժումներ (էական չէ, թե ինչ ծագմամբ ու ֆինանսավորմամբ), մասնակի անկախ, բայց ազատախոս ԶԼՄ-ներ: Այս շղթայի կարևորագույն օղակը՝ կուսակցական համակարգը, որպես մեխանիզմ ունի բավականին ակնհայտ թերություններ:
ՀՀ-ում գործում են 80-ից ավելի կուսակցություններ (եթե շարժվենք թվային չոր հաշվարկներով, ստացվում է, որ Հայաստանում 1,5 միլիոն մարդ կուսակցական է, այսինքն՝ ՀՀ-ն գերքաղաքականացված պետություն է), որոնցից, սակայն, ակտիվ քաղաքականության մեջ գտնվում են 10-15-ը, մնացած կուսակցություններն իրենց տեսակով «փուչիկ» կառույցներ են, այլ ձևակերպմամբ՝ մարդ-կուսակցություններ:
Այս մինի ուժերի համար էական չէ, թե որ դաշտում են իրենք հայտնվել կամ ինչպիսի արժեհամակարգեր են որդեգրել, որպեսզի ընդունելի լինեն հասարակության համար, այս կատեգորիաները նրանց համար չեն, նրանց մոտ տարածված է կազմակերպված ճամբարափոխությունը:
Այս ապաքաղաքական «մինորներն» իրենց առաջ որպես նպատակ դնում են «օրվա հացի» խնդիր լուծելու հարցը, և ըստ այդմ էլ իրենց «քաղաքական որոշումները» կազմակերպում են այդ «գլոբալ խնդրի» առաջնային կարգավորման շրջանակներում:
Քաղաքականությունը դեռ անտիկ ժամանակերից հայտնի է որպես անբարո «աշխատանքային ոլորտ», իսկ այնտեղ «աշխատող անձանց» համապատասխան որակումներ էին տալիս, հատկապես նրանց, ովքեր դավաճանում էին իրենց սկզբունքներին և փոխում ունեցած դիրքորոշումները՝ սկսելով քիրվայություն անել հակառակ բևեռում:
Ասածս ավարտեմ մի փոքր խմբագրելով սըր Չերչիլին. «Չկան հավերժ դաշնակիցներ և սկզբունքներ, կան հավերժ շահեր և հաճախորդներ»: