Armsport.am-ը գրում է.

«Արցախն» այսօր` նոյեմբերի 17-ին, ընկերական հանդիպում է անցկացրել «Բանանցի» հետ և 2:1 հաշվով հաղթանակ տարել:

«Բանանց» մարզադաշտում կայացած խաղի հաշիվը բացել է «Արցախի» ֆուտբոլիստ Էմիլ Եղիազարյանը, ավելի ուշ «Բանանցի» կազմում հաշիվը հավասարեցրել է Կարեն Մելքոնյանն ու թիմերը 1:1 հաշվի պայմաններում գնացել են ընդմիջման:

Ռաֆայել Նազարյանի թիմին հաղթանակ է պարգևել Հովհաննես Պողոսյանը, որը երկրորդ կեսում տուգանայինի կատարած հարվածով առաջ է մղել «Արցախին» և ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:

Հայաստանի առաջնության իր հաջորդ խաղում «Բանանցը» 17-րդ տուրի շրջանակում նոյեմբերի 24-ին կհյուրընկալվի «Ալաշկերտի» կողմից, իսկ «Արցախը» նույն օրը մրցակցի հարկի տակ կխաղա «Արարատ-Արմենիայի» հետ:

Անցկացրած 14 խաղից հետո «Բանանցը» Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 26 միավոր, իսկ «Արցախը» նույնքան խաղից հետո 12 միավոր է վաստակել և գտնվում է նախավերջին` 8-րդ տեղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել