Աշխարհում ամենաբարդ իրավիճակը հիմար հակառակորդի հետ գլուխ դնելն է: Մարդ ավելի լավ է՝ խելացի հակառակորդ ունենա, քան անկանխատեսելի և անմեղսունակ ինչ-որ արարածի հետ հաշիվներ պարզի:

Եթե դիմացդ գտնվողը խելացի է, ապա շատ հեշտությամբ կարող ես հասկանալ, թե իր կատարած քայլերից որն ինչի համար է, ու դրան ինչ կարող է հետևել: Սակայն բավականին անգրագետ հակառակորդի դեպքում չես կարող մարդկային որևէ կանխատեսում անել, քանի որ իրենց մոտ ամեն բան հիմնված է պահի ազդեցության տակ, տաք գլխով կատարվող որոշումների վրա:

Եթե Ադրբեջանի ռազմական ղեկավարության գոնե չնչին մասը որևէ լուրջ ռազմական գիտելիքներ ունենար, ապա վստահ կարելի էր ասել, որ Նախիջևանի հատվածում իրավիճակի սրումը տանում է նրան, որպեսզի իրենք մեկ այլ ուղղությամբ հարձակման անցնեն կամ որևէ գործողություն իրականացնեն:

Դա փորձված ռազմական գործողություն է, երբ սահմանի մի հատվածում սկսում ես թեթև իրավիճակ սրել, հակառակորդը սկսում է կենտրոնանալ այդ հատվածի վրա, ու երբ հասկանում ես, որ հակառակորդի ամբողջ ուշադրությունն այդ հատվածում է, միանգամից հարվածում ես ամբողջությամբ այլ հատվածից, որի մասին նույնիսկ չէին էլ մտածում: Նման դեպքում հաջողության հասնելու շանսերը 50 տոկոսից ավելի են լինում:

Սակայն, ինչպես արդեն նշեցի, մեր բախտը նորմալ հակառակորդ ունենալու հարցում չի բերել, ու մենք չենք կարողանում հասկանալ, թե թշնամին կոնկրետ ինչ է նախատեսել, քանի որ իրենք նույնպես չեն կարողանում հասկանալ, թե վաղն ինչ են անելու: Որոշումներն էլ կայացվում են ոտքի վրա:

Այդ պատճառով մենք ոչ մի վայրկյան չպետք է աչքաթող անենք սահմանի որևէ հատված, ամբողջ սահմանի երկայնքով հայկական բանակը պետք է հավասարապես հսկողություն իրականացնի: Ու կապ չունի՝ հիմա Նախիջևանի հատվածում են ինժիներական աշխատանքներ կատարվում, թե Արցախի կամ Նոյեմբերյանի․ բոլոր հատվածները հավասարապես պետք է պաշտպանվեն թշնամուց, մինչև վերջապես հասկանանք, թե այս խնդիրը երբ է լուծում գտնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել