Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների ու ծառայությունների ներկայացուցիչներ, մարզպետներ, քաղաքապետեր:
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի մեկնարկին ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը ողջունեց նիստի անդամներին և առաջարկեց քննարկումը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի հիշատակը:
Հանձնաժողովի քարտուղարը զեկուցեց կատարված աշխատանքների և վերջնական արդյունքների մասին, ապա սկսվեց քննարկվել դեկտեմբերի 7-ին Գյումրիում անցկացվող միջոցառումների օրակարգը: Նախարարի պաշտոնակատար Ֆ. Ցոլակյանը հանձնարարեց վերանայել որոշ միջոցառումներ, հստակեցնել կազմակերպչական հարցերը և պատշաճ կազմակերպել բոլոր անելիքները:
Երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ և այդ օրը նախատեսված համապետական միջոցառումները կներառեն երկրաշարժի զոհերի հիշատակման միջոցառման կազմակերպում, աղետներին դիմակայունության համապետական վարժանք, «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի անցկացում:
Աշխատանքային խմբերի ղեկավարներն ըստ ուղղությունների ներկայացրեցին միջոցառումների նախապատրաստման և անցկացման հետ կապված ընթացիկ աշխատանքները, անդրադարձան որոշ խնդիրների:
Աղետներին դիմակայունության համապետական վարժանքի շրջանակում Երևան քաղաքում և մարզկենտրոններում կկազմակերպվեն տարհանման ուսումնավարժություններ, տակտիկական և ցուցադրական վարժանքներ, իսկ Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորում անցած քաղաքային որոնողափրկարարական թիմերի եռօրյա վարժանքը ևս մեկ հնարավորություն կլինի ցուցադրելու, որ այս տարիների ընթացքում փրկարար ծառայությունը լուրջ ձեռքբերումներ է գրանցել:
Դեկտեմբերի 7-ին երեկոյան նախատեսվում է նաև մշակութային միջոցառում՝ հիշատակի երաժշտական երեկո Գյումրու Սև բերդում:
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆ. Ցոլակյանը մեկ անգամ ևս նշեց, որ 1988 թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի զոհերին հարգանքի տուրք մատուցելու բոլոր միջոցառումները հանրապետությունում պետք է կազմակերպվեն բարձր մակարդակով՝ հարգելով զոհերի հարազատների ապրումներն ու հույզերը: