Շատ մեծ է դատավորի դերը, հատկապես արդարադատության ոլորտում կոռուպցիան վերացնելու հարցում: Եթե կաշառքի պահանջարկ չլինի, ապա առաջարկները վաղ, թե ուշ կվերանան:

Իշխանափոխության համատեքստում, երբ դատավորներն անուղղակիորեն համարվում են «սև», շատ վտանգավոր է հինը քանդելու և նոր համակարգ ստեղծելու քաղաքական տրամադրությունները: Վրաստանի մեր փաստաբան գործընկերները Մ.Սահակաշվիլու պաշտոնավարման ժամանակահատվածում շատ էին դժգոհ դատական համակարգից: Վրաստանի նորաթուխ դատավորները, որպես կանոն կաշառք չէին վերցնում, բայց հլու հնազանդ ծառայում էին գործադիր իշխանություններին: Ընդ որում, մոտ 200 փաստաբանի նկատմամբ այդ ժամանակահատվածում քրեական գործեր էին հարուցված:

Խնդիրը կարելի է լուծել գործող համակարգի պայմաններում՝ բարեփոխումների միջոցով:

ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ պետք է մտածել դատավորների անկախության մասին: Մասնավորապես՝

(1) Պետք է լուծել դատավորների նյութական ապահովվածության հարցը, առնվազն բարձրացնելով նրանց աշխատավարձերը: Դատավորների աշխատավարձի բարձրացման համար բյուջեից ավել տրվող գումարները որոշ ժամանակ անց մի քանի անգամ բազմապատկված կվերադառնան բյուջե՝ օտարերկրյա և տեղական ներդրումների, ինչպես նաև արդար, մրցակցային և պաշտպանված շուկայի ակտիվացման հաշվին:

(2) Անկախությանը խոչընդոտող հանգամանք է նաև վատ անցյալը: Եթե նույնիսկ դատավորին ասեն. «դու այսօրվանից անկախ ես և որևէ խնդիր չունես», ապա միևնույն է նույն դատավորին կարող են հիշեցնել իր հին մեղքերը (եթե այդպիսիք կան): Հետևաբար, պետք է հնարավորություն տալ դատավորներին ամեն ինչ սկսել նոր էջից: Վստահ եմ, որ դատավորների մեծ մասը սիրով կաշխատի նոր կանոնով: Այս անցումային շրջանում, պետք է նաև այնպիսի պատասխանատվության մեխանզիմներ ներդնել, որպեսզի նոր կանոնը խախտած դատավորները հեռանան համակարգից:

(3) Դատավորների անկախության համար կարևոր է նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին դատարանին ներկայացվող միջնորդությունների ժամանակագրությունը գրանցող վստահելի համակարգի ներդրումը:

ԵՐԿՐՈՐԴ ՀԵՐԹԻՆ պետք է մտածել դատավորների գիտելիքները կատարելագործելու մասին: Ընդ որում, դատավորներին «զտելու» համար չի կարելի ատեստացիա անցկացնել (որակավորումը որոշել): Սա ուղղակի հարված կլինի դատավորների անկախությանը:

ԵՐՐՈՐԴ ՀԵՐԹԻՆ պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի դատարանները բեռնաթափվեն: Միշտ էլ քանակը ազդում է որակի վրա: Օրինակ, վարչական դատարանում վարչական մարմնի դեմ (հօգուտ քաղաքացու) կայացված դատարանի վճիռը պետք է բողոքարկման ենթակա չլինի, որոշ բացառություններով: Սա արդեն կբեռնաթափի չափից դուրս ծանրաբեռնված վերաքննիչ վարչական դատարանին:

Շարունակելի…..

Հ.Գ. Արդարադատությունը չի սկսվում միայն դատարանում: Արդարադատության մյուս օղակներն (փաստաբանությունը, դատախազությունը) էլ լուրջ դերակատարում ունեն: Ուղղակի պետք է յուրաքանչյուրն իր գործը կարողանա բարեխիղճ անել:

Փաստաբաններն ուզում են տեսնել արդար, ուժեղ, պրոֆեսիոնալ և ճնշումներին դիմացող դատավորներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել