Ասում են` քաղաքապետարանը սկսել է ապօրինի շինարարություններն ապամոնտաժել: Առերևույթ հրաշալի լուր է:
Ես, իհարկե, չգիտեմ, թե իրավաբանորեն ինչ սկզբունքներով է որոշվում շինարարության ապօրինի լինելը, բայց ես թերահավատորեն եմ վերաբերվում այդ գործընթացի վճռականությանը: Իմ պատկերացմամբ` ապօրինի են այգիներում քարե կամ բետոնե կոնստրուկցիաներով կառուցված բոլոր սրճարանները, ռոստորաններն ու այլ օբյեկտները: Օպերայի շրջակայքը, Օղակաձև այգին, բազմաթիվ այլ այգիներ, փողոցների մայթեր վխտում են ապօրինի շինություններով: Այն տեսակետը, թե՝ «դե հո բոլորը չեն քանդելու, դե հիմա ոնց կլինի` բռնեն, ամբողջ Օպերայի շրջակայքի սրճարաններն ու շինությունները քանդեն», ինձ համար կտրականապես անընդունելի է:

Ընտրովի արդարադատությունն ամենախայտառակ բանն է: Եթե ինչ-որ ապօրինի շինություններ ապամոնտաժվելու են, բայց չեն ապամոնտաժվելու Օղակաձև այգու կամ Օպերայի բոլոր ապօրինի շինությունները, ապա ինչ-որ հատուկենտ ընտրովի ապօրինի շինությունների ապամոնտաժումն ինձ մոտ, բացի ծիծաղից, այլ զգացում չի կարող առաջացնել: Կա՛մ գործընթացը տանում է նրան, որ ապամոնտաժվում են բոլորը, կա՛մ չպիտի ապամոնտաժվի ոչ մեկը: Սակայն դառը իրողությունները հաշվի առնելով՝ պետք է փորձ արվի` լեզու գտնելու բոլոր սեփականատերերի հետ` առաջարկելով այլընտրանքներ, իսկ եթե լեզու չի գտնվում, ապա տարածքը լքելու համար ողջամիտ ժամանակ պիտի տրվի նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել