Օրերս Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի 70-ամյակին նվիրված փաստագրական ֆիլմում ցուցադրվել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի և նրա 6 ամսական որդու հուզիչ լուսանկարը:

Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի երրորդ զավակը ծնվել է այս տարվա ապրիլի 23-ին: Մինչ այժմ հանրությունը երեխային տեսել էր միայն վերջինիս մկրտության արարողության լուսանկարներում:

Բրիտանական BBC հեռուստաալիքով հեռարձակված «Արքայազն, որդի և թագաժառանգ. Չարլզը 70 տարեկան է» վերնագրով փաստագրական ֆիլմում ցուցադրվել է փոքրիկ Լուիի նոր լուսանկարը՝ մոր՝ դքսուհի Քեյթ Միդլթոնի գրկում: Լուսանկարում փոքրիկը ձեռքը պարզել է իր պապիկին, իսկ պապիկը ժպիտով նայում է թոռանը:

Ժամեր անց լուսանկարը հայտնվել է բրիտանական թերթերի էջերում, իսկ համացանցի օգտատերերը սկսել են կռահել, թե ծնողներից ում է նման փոքրիկ Լուին:

Հիշեցնենք, որ արքայազն Չարլզը երեք թոռ ունի՝ 5-ամյա արքայազն Ջորջը, 3-ամյա արքայադուստր Շառլոթը և 6 ամսական Լուին: Շուտով Մեծ Բրիտանիայի թագաժառանգը չորրորդ անգամ պապիկ կդառնա. գարնանը կծնվի արքայազն Հարիի ու Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի առաջնեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել