Հոգիս ցնծում է։ «Սվերշիլոս», ինչպես կասեր համաշխարհային պրոլետարիատի պապան «Ավրորա» հածանավով Ձմեռային պալատի հայաթում ճռռիկներ անելիս։ Երևանի քաղաքային իշխանությունները վերջապես հայտարարեցին էն մրցույթը, որին այանքա՜ն երկար սպասում էր ողջ հայությունը ի Հայաստանս և ի սփյուռս աշխարհի․ «Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ»։ Ասել է թե՝ հրապարակը պիտի «ռեմոնտ» անեն։ Ուռա՛։

«...Մրցույթի համար քաղաքապետարանը նշել է հետևյալ պատճառները. 
- Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ, էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները»

Լավ է, դե։ Պատկերացնու՞մ եք, երևանյան մի խաղաղ գիշեր քաղաքապետարանը իր ողջ անձնակազմով հանգիստ քնած էր, Ն․ Սարգսյանը ծոցին էր սեղմում սիրելի փափուկ արջուկին, մեկ էլ ինչ-ինչ դավադիր «ակտիվ սիլուետներ» սողոսկեցին հրապարակի շրջակայքը, փորձելով աղճատել մեր սիրելի քաղաքի թամանյանական տեսքը։ Սրիկա սիլուետները, «մասանդրաներն» ու էլիտար շենքերը էտենց փիս խասիաթ ունեն. թաքուն-թաքուն գալիս, հաստատվում են քաղաքի՝ երբեմնի գեղատեսիլ տարբեր վայրերում, կառույցների քյալլին, բակերում ու իսկական գլխացավանք դառնում քաղաքապետարանի աշխատակիցների համար։ Տեսնես ո՞վ է դրանց էստեղ ղրկում...

 

«... հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են»

Էս էլ ինչ-ինչ ծպտյալ աղանդների գործը կլինի։ Լսել ե՞ք՝ արտգործնախարարության շենքի նկուղում մոթել է գործում։ Վարչապետի ընդունարանը գիշերը վերածվում է բիլիարդանոցի։ Իշխանությունները անտեղյակ են։

«... ի վերջո՝ Հանրապետության հրապարակը, հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ, Լենինի արձանի և դրա տրիբունայի ապամոնտաժման արդյունքում, ունի որոշակի դժվարություններ, զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում:»

Ըհը, հասանք... «իջեք», ինչպես կասեր Ռումինիայի ռազմական տրիբունալի նախագահ Ջորջիցա Պոպան ընկեր Նիկոլաե Չաուշեսկուն և յուր կնոջը 1989 թվի դեկտեմբերի 25-ին տրիբունալի դահլիճից գնդակահարության հրավիրելիս։ Էստեղ աչքերս փակում եմ ու պատկերացնում Զատկի կղզու աժդահաներին, «ազգերի տոհմածառը», շաուրմայի հսկակյական արձանը ու էդպիսի էլի լիքքը անախորժություններ՝ համաշխարհային պրոլետարիատի էն նույն առաջնորդի հանված արձանի փոխարեն։ Հլա պատկերացրեք, թե ի՜նչ լավ կնայվեն հայոց մեծամեծները հրապարակի նորակառույց մոթելի կտուրից զորահանդես ընդունելուց։

«Վախ, հորս արև», ինչպես կասեր դույզն ինչ քյարթվության ելևեջներ պարունակող հոգու տեր ցանկացած հայ, ինչը, սակայն, ավելի լավ կարտացոլեր էս իրավիճակը, քան ուզածդ բարդ ստորադասական նախադասություն։

Հ.Գ. Որոշել եմ մրցունակ առաջարկով մասնակցել էդ մրցույթին՝ նախկինում արված մի քանի արդիական էսքիզները մի տեղ ժողովելով։ Հաղթող տարբերակներ են բոլորն էլ, կարծում եմ, քանի որ ներառում են օդում պտտվող բոլոր գաղափարները։ Գնամ մտածեմ մրցույթի միլիոնը ոնց եմ ծախսելու։

Լենինի հանված արձանի տեղի լրցման առաջարկ

Էլիտար բազմաֆունկցիոնալ շենքի նախագիծ՝ Հանրապետության Հրապարակում

Թամանյանական Երևանի վերականգնման առաջարկ-նախագիծ՝ ըստ վաղ թամանյանական խզբզանքների

Խզբզանքները՝ ստորև

Հրապարակի արդիականացման սխեմա - առաջարկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել