Եթե մարդը մի երկու տարի չի աշխատում, հավանականությունը մեծ է, որ դառնա խրոնիկ անգյալ, հիվանդության պես մի բան: Յոգայի լեզվով ասած՝ իր մեջ սկսում է գերակշռել տամաս գունան կամ, հայերեն ասած, թանձրաշարժության որակը: Նա կգտնի հազար ու մի պատճառաբանություն և հիմնավորում, թե ինչու չի աշխատում, կամ ինչու իմաստ չունի աշխատելը: Այսպիսի մարդիկ դառնում են նախ՝ իրենք իրենց, հետո՝ իրենց ընտանիքների և, իհարկե, պետության համար պրոբլեմ հատկապես այն պատճառով, որ իրենք և իրենց «գաղափարախոսությունը» վարակիչ են և կարող են ավելի մեծ մասսաներ «գաղափարապես վիրուսավորել», այդ պատճառով գրեթե բոլոր պետություններն էլ ունեն խրոնիկ անգյալության դեմ պայքարի մեթոդներ:
Սովետում, օրինակ, վարչական կամ քրեական պատասխանատվություն կար չաշխատելու համար: Ինչքան հասկացա, Նիկոլը հենց դրա դեմ էր խոսում, բայց էդ հարցը խոսելով լուծվող հարցերից չէ, և վերջին հաշվով, ո՛չ արևմուտքը, ո՛չ արևելքը, ո՛չ ձախերը, ո՛չ աջերն էս հարցի լուծումը դեռ չունեն: Բոլոր տեղերում էս հարցը թույլ կամ ուժեղ արտահայտված գոյություն ունի: Բոլոր տեղերում էլ այս հարցի լուծման ուղիներ են փնտրում: Օրինակ՝ դրանցից մեկն են ոչ թե սոցիալական վճարները, այլ բոլոր քաղաքացիներին մինիմալ կենսական պահանջների համար ամենամսյա տրվող վճարները: Մարդը չպետք է աշխատի միայն այն բանի համար, որ սոված չմնա, և ինչքան էլ տարօրինակ թվա, հենց տարաբնույթ սոցիալական վախերն են մարդկանց գցում խրոնիկ անգյալության գիրկը:
Տարբեր տեղերում արված մինիէքսպերիմենտները կարծես դրական արդյունք են տվել, բայց երևի դեռ մտածելու բան կա։ Մի երկու տարի առաջ Շվեյցարիայում այս հարցը հանրաքվեով չանցավ: Այսպիսի ծրագրի իրականացման համար Հայաստանը գումար չունի, բայց, հաշվի առնելով իր փոքր չափերը, կարող է շատ երկրների և դոնորների շահագրգռել, որպեսզի իրենք գումար տրամադրեն այսպիսի ավելի գլոբալ էքսպերիմենտի համար: Մարդ արդեն չգիտի՝ դեսպան գնա՞, թե՞ մնա ու փոխվարչապետ աշխատի: