Իլոն Մասկն իր թվիթերյան էջում պատմել է, թե ինչ է սպասվում «Տեսլայի» սեփականատերերին ծրագրային նոր թարմացումներից հետո։ Հետաքրքիր նորամուծություններից մեկը լինելու է այն, որ մեքենան հեռախոսի միջոցով կարողանալու է գտնել իր տիրոջը, ինչպես նաև ինքնուրույն կարողանալու է կայանվել։
Summon համակարգը 2016 թվականից սկսած օգտագործվում էր «Տեսլայի» մեքենաներում։ Այս համակարգի օգնությամբ մեքենան կարողանում էր ինքնուրույն դուրս գալ ավտոտնակից և ներս մտնել, ինչպես նաև կայանվել։ Դեռևս այդ ժամանակ ստեղծողները նշում էին՝ մեքենան կարողանալու է շարժվել ամբողջ երկրով մեկ, որպեսզի գտնի վարորդին և ինքնուրույն լիցքավորվելու է։ Հիմա այս խոստումները դառնում են իրականություն։
Թվիթերում Մասկը հաղորդագրություն է թողել, որտեղ նա խոստացել է, որ մեքենան ինքնուրույն կմոտենա սեփականատիրոջ սմարթֆոնին։ Նա նաև հավելել է, որ նոր ծրագրային ապահովումը դուրս կգա մոտակա մի քանի շաբաթների ընթացքում։ Այն կարող է աշխատել վերջին երկու տարում արտադրված «Տեսլաների» վրա (V2+)։