Էս հարցը վաղուց ա ինձ հուզում, բայց էս օրերին՝ առաջին հանրապետության տոնի հետ կապված, ջղայնությունս առանձնապես սրվեց: Ինչո՞ւ ընդդիմադիրներից շատերը հաճախ մեղադրում են ընտրակաշառք վերցնողներին ու երբեմն էլ դեռ դրանից հետեւություն անում, թե «մեր ժողովուրդը լավը չի, հասուն չի» (էս վերջերս էլ կարդացի, թե մեր ժողովուրդը լավը չի, ամեն ինչ հանդուրժում ա, գազի գինը թանկացրին, էլի փողոց դուրս չի գալիս), բայց ոչ մեկը (ես գոնե չեմ նկատել) ոչ մի անգամ թթու խոսք չի ուզում ասել Հայաստանից հեռացողների մասին: Այնինչ կարծեմ բոլորի համար ա ակնհայտ, որ Հայաստանից հեռանում են ոչ միայն չքավորները, այլ նաեւ լավ կրթություն ու ոչ էնքան վատ աշխատանք ունեցողները, հեռանում են, որովհետեւ Հայաստանում չեն գտնում իրանց լիարժեք դրսեւորելու հեռանկար: Բայց ո՞նց ստեղծվի էդ հեռանկարը, եթե իրանք հեռանում են: Չէ՞ որ էդ հեռանկարը ստեղծողները հենց իրանք էին լինելու՝ նրանք, որ ունեն լավ կրթություն ու քաղաքական պրոցեսները հասկանալու կարողություն:
Հայտնի ճշմարտություն ա, բայց Հայաստանում կարծես թե շատերն են մոռացել՝ ինչքան բարձր ա մարդու կրթական ու սոցիալական մակարդակը, էնքան բարձր են լինում նրան ներկայացվող բարոյական/հասարակական պահանջները: Կարելի ա իհարկե մեղադրել չքավորին, որ հերոսություն չի անում, հեռուն չի նայում ու գնում 5 կամ 10 հազար ընտրակաշառք ա վերցնում: Բայց էդ դեպքում համապատասխանաբար կտրուկ պետք ա լինի պահանջը ոչ չքավոր խավի էն ներկայացուցիչներից, որ 2008-ի շարժման մի հիմնական մասն էին կազմում՝ ՄԻ ՀԵՌԱՑԵՔ:
Հեռանալով դուք մենակ եք թողնում նրանց, որ ուզում են շարունակել պայքարը: