«Զվարթնոց» անվանումը ենթակա չէ անվանափոխման։

Եկեք վերջնականապես ճշտենք «Զվարթնոց» օդանավակայանի անվանափոխման հետ կապված խնդիրը, ավելի ճիշտ՝ այդ հարցի հետ կապված ընդհանրապես գոյություն չունեցող խնդիրը: Ինձ թվում է, և բոլորն էլ կհամաձայնեն, որ «Զվարթնոց» հասկացությունը վաղուց արդեն ողջ աշխարհում, դեռևս Սովետի ժամանակաշրջանից մեր ազգային բացառիկ բրենդն է հանդիսանում, և ուղղակի մի պահ պատկերացնել է պետք, թե ամենատարբեր շրջանակներում ինչքան բացասական է ընկալվելու այդ չմտածված անվանափոխումը:

Իհարկե, որոշ օտարահունչ և ոչ ազգային անվանումներն առաջնահերթ կերպով ուղղակի անհրաժեշտ է փոխել, բայց երբևիցե և ոչ մի դեպքում չի կարելի դա անել համաշխարհային համարվող երկրի բացառիկ ազգային բրենդի պարագայում: Ի վերջո, Զվարթնոցի փառահեղ տաճարը, որի անունով էլ անվանակոչված է օդանավակայանը, մեր ազգային ճարտարապետության 7-րդ դարի գլուխգործոցն է, որը կառուցվել է շատ ավելի հին՝ նույն Զվարթնոցի տարածքում դարեր շարունակ գտնվող հեթանոսական Տիր աստծու մեհյան-տաճարի տեղում։ Հավելենք, որ տաճարը 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։

Իսկ Շառլ Ազնավուրի անունը հավերժացնելու համար նախ անհրաժեշտ է ստեղծել համապաստախան պետական հանձնաժողով, որն անվանափոխման հետ կապված համապատասխան առաջարկություններ կներկայացնի: Մեր կարծիքով՝ մեծ շանսոնյեի անունը պետք է հավերժացնել առնվազն մեկ փողոցի և մշակութային կամ կրթական հաստատության կտրվածքով: Ի դեպ, շատ հարմար կլինի Ամիրյան փողոցի անվանափոխումը Ազնավուրի անվամբ, իսկ եթե նայենք, օրինակ, Երևանի դպրոցների անվանումները, ապա կարող ենք տեսնել բազում օտար գործիչների անուններ, որոնք ընդհանրապես ոչ մի կապ և առնչություն չեն ունեցել Հայաստանի և հայկական մշակույթի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել