Օտար լեզուն այն կրողի պես յուրացնելու առավելագույն հավանականություն ունեն նրանք, ովքեր լեզվի ուսուցումն սկսել են մինչև 10 տարեկանը: Այս եզրակացության են եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ճանաչողական և նեյրոգիտությունների կենտրոնի մասնագետները:

Գիտնականները համակարգչային մոդել են մշակել՝ վերլուծելու համար տարբեր տարիքի և տարբեր ազգության 670 000 մարդուց ստացված տեղեկությունը: Մասնակիցներից ամենափոքրը 10 տարեկան է եղել, ամենամեծը՝ 70, միջին տարիքը կազմել է 20-30:

Մասնակիցներն իրենց անձնական հարցաթերթիկներում նշել են անգլերենի ուսուցման տարիքը, ժամանակահատվածը, ինչպես նաև քերականական կանոնների տիրապետման թեստ են հանձնել:

Արդյունքում պարզվել է, որ օտար լեզվի քերականությունն ամենից լավ յուրացնում են մանուկ և պատանի հասակում: Միևնույն ժամանակ նշվում է, որ 18-ից հետո արագ սովորելու ունակությունը պահպանվում է, սակայն լեզուն կրողի մակարդակի հասնելն առավել բարդ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել