Armlur.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հերթական «գլուխգործոցն» է երեւան եկել: «Ժողովուրդ» օրաթերթի նոյեմբերի 1-ի համարում անդրադարձել էինք Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի եւ իր տեղակալների աշխատավարձերի բարձրացման փաստին (այն 350.000-ից դարձել է 710.000), ինչը, ի դեպ, մեզ հետ զրույցում հաստատել էր հենց Դավիդյանցը:

Ըստ որոշ տեղեկությունների` նախարարի ընկեր Դավիդյանցը մեզ հետ խոսելուց անմիջապես հետո (օրաթերթի եւ Դավիդյանցի միջեւ զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին) աշխատավարձերի թեմայի մասին «զեկուցել է» Թորոսյանին, ինչից հետո, ըստ որոշ տեղեկությունների, Թորոսյանը հետին թվով` հոկտեմբերի 30-ին, հրաման է արձակել տնօրենների, տեղակալների եւ գլխավոր հաշվապահների աշխատավարձերի չափաբաժինների մասին:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին ԱՆ-ից փոխանցեցին, որ նման բան չկա, անգամ տեխնիկապես դա հնարավոր չէ: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարի ԺՊ-ն իր այս հրամանը էլեկտրոնային հասցեներով (մեյլերով) է ուղարկել հասցեատերերին:

Եւ ամենաուշագրավն այն է, որ Թորոսյանը ուժը կորցրած է ճանաչել` հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի N 728-Լ որոշումը: Բայց այնքան են շտապել նախարարությունում, որ հրամանի մեջ շփոթել են` նշելով «հուլիսի 11»: Մինչդեռ վարչապետը ընդունել է N 728-Լ որոշումը հունիսի 11-ին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել