168.am-ը գրում է

Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Քուկը Apple-ի արտադրանքի համար թույլ շուկաներ է համարել Ռուսաստանը, Թուրքիան, Բրազիլիան եւ Հնդկաստանը: Այդ մասին հայտնել է Reuters-ը: Գործակալությանը տված հարցազրույցում Քուկը հայտարարել է, որ ընկերությունը «որոշակի մակրոտնտեսական թույլ տեղեր է նկատում ձեւավորվող շուկաներով մի շարք երկրներում»

: Հեռախոսային խորհրդաժողովի ընթացքում նա ճշտել է, որ թույլ շուկաները ներառում են Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը եւ Թուրքիան: Ինչպես արդեն տեղեկացվել է, Apple կորպորացիան գերազանցել է փորձագետների սպասումները՝ չորրորդ ֆինանսական եռամսյակի արդյունքներով, որն ավարտվել է սեպտեմբերի վերջին, հասույթ արձանագրելով 62,9 մլրդ դոլարի չափով, ինչը վկայում է ընկերության՝ նոյեմբերի 1-ին հրապարակված եռամսյակային հաշվետվությունը:

Այդ ցուցանիշը մոտավորապես 20 տոկոսով բարձր է, քան 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանում, եւ անցած եռամսյակի համար ռեկորդային է Apple-ի գոյության ողջ ժամանակաշրջանում: Չորրորդ եռամսյակում ռեկորդ է սահմանել նաեւ շահույթը, այն կազմել է մոտավորապես 14,1 մլրդ դոլար (1 բաժնետոմսի հաշվով՝ մոտավորապես 2,91 դոլար), ինչը 32 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ:

Այս ցուցանիշները գերազանցել են Reuters գործակալության վերլուծաբանների սպասումները, որոնք հասույթը կանխատեսել էին 61,5 մլրդ դոլարի չափով, իսկ շահույթը՝ մեկ բաժնետոմսի հաշվով մոտավորապես 2,79 դոլարի չափով: Սկսված առաջին ֆինանսական եռամսյակում, որը համընկնում է ավանդաբար Apple-ի համար շահութաբեր ամանորյա տոների հետ, ընկերությունը կանխատեսում է հասույթ ստանալ 89-93 մլրդ դոլարի չափով, նշվում է հաշվետվության մեջ:

Ընդսմին նշված ժամանակահատվածում ընկերությանը հաջողվել է վաճառել մոտավորապես 46,9 մլն iPhone, ինչը պակաս է եղել մասնագետների սպասումներից: Այսպես, FactSet ընկերության փորձագետները կանխատեսում էին, որ այդ ցուցանիշը կկազմի առնվազն 47,5 մլն սարք: Սակայն մեկ iPhone-ի վաճառքի միջին արժեքի ցուցանիշը կազմել Է 793 դոլար՝ գերազանցելով FactSet-ի վերլուծաբանների սպասումները (750,8 դոլար): Դա բացատրվում է, մասնավորապես, սմարթֆոնների նոր, ավելի թանկարժեք մոդելների թողարկմամբ:

1976 թվականին հիմնադրված Apple-ը, բացի iPhone սմարթֆոններից, արտադրում է iPad համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեյերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ) խոշորագույններից մեկն է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 1 տրլն դոլարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել