Օձաբերդը կիկլոպյան տիպի ամրոց է, որը տեղակայված է Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև: Այստեղ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի համատեղ համաձայնագրի շրջանակներում անցկացվել են մի շարք պեղումներ, որոնց ընթացքում գտնվել են մ.թ.ա. VIII-VII դդ.՝ մինչուրարտական ժամանակաշրջանին պատկանող խեցեղեն:

Գիտական արշավախմբ ղեկավարը՝ պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը հայտնել է, որ այս տարի աշխատանքներ են իրականացվել, հիմնականում, ամրոցի հյուսիս-արևելյան հատվածում: Ըստ նրա՝ կիկլոպյան ամրոցը կարելի է թվագրել մ.թ.ա. VIII-VII դդ.:

«Սա կարևոր բացահայտում է, որը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես էին տնօրինում տարածքը Օձաբերդի բնակիչները, և ինչ ճարտարապետական ու ինժեներական լուծումներ էին տալիս: Մենք տեղանքում մի քանի փորձնական պեղումներ ենք անցկացրել : Կիկլոպյան կառույցի արտաքին պատերը մեզ իսկապես զարմացրել են»:

Քարե սալիկները իրենց չափսերով համապատասխանում են ուրարտական աղյուսներին, սակայն վերջիններից տարբերվում են արտաքնապես և «բաղադրությամբ»: Հնագետը համոզված է, որ այս գտածոն վկայում է այն մասին, որ Օձաբերդում յուրացրել են աղյուսներ պատրաստելու ուրարտական ավանդույթները:

«Ուսումնասիրվող հատվածում գտնվել են կերամիկայի բազմաթիվ կտորներ, կենդանիների ոսկրեր, երկաթե բիտեր, բրոնզե մատանի, աղորիք, ձկնորսական կշռաքարեր և այլ արտեֆակտեր», - նշել է Բադալյանը:

800

Հնագետն ասում է, որ գտնված կերամիկական իրը թվագրվում է մ.թ.ա. VIII-VII դդ.: Ըստ նրա՝ միջնաբերդից հյուսիս-արևելք գտնվող պատի տակ հայտնաբերվել է պանդուս, որն անմիջականորեն կապված է աշտարակի և ամրոցի պատի հետ:  Հատկանշական է, որ նման պանդուսները հատուկ են եղել միայն խեթական ճարտարապետությանը:

Հնագետները վստահ են, որ Օձաբերդում կատարված պեղումները կարևոր վկայություններ են Սևանի ավազանի բնակիչների՝ ամրոցների կառուցման, շրջակայքի կազմակերպման, ինժեներական մտքի և կենսագործության մասին երկաթե և ուշ երկաթե դարերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել