Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Աշոտ Ահարոնյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրել է իր ղեկավարած վարչության աշխատանքը: ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ տարիներ առաջ սկսել է գործել ոստիկանության պաշտոնական police.am կայքը, վարչության պատրաստած հաղորդումներն ամեն շաբաթ հեռարձակվում են տարբեր հեռուստաընկերություններով, տպագրվում է շաբաթաթերթ, վարչության համապատասխան բաժինն էլ 24 ժամ հասանելի է լրագրողների համար:
Խոսվել է տեղեկատվության տրամադրման, լրագրողների հետ աշխատանքի, ոստիկանության գործունեության թափանցիկության ապահովման, զանգվածային միջոցառումների ժամանակ լրագրողների հետ տարվող աշխատանքի և այլ հարցերի շուրջ: Գի Վինյեն և Մոնա Նորդբերգը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար վստահեցրել են, որ շատ լավ են հասկանում ոստիկանության այս ստորաբաժանման կարևոր և միևնույն ժամանակ ծանր աշխատանքը, որովհետև նրանք երկուսն էլ Ֆրանսիայում և Շվեդիայում ծառայել են համանուն վարչություններում: Քննարկվել և ուրվագծվել են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ու ԵԱՀԿ համագործակցության ուղղությունները:
Դրանք երկու կողմերի դրական գնահատականից հետո կյանքի կկոչվեն: Նույն օրը Գի Վինյեն և Մոնա Նորդբերգը հյուրընկալվել են ոստիկանության կրթահամալիրում: Նրանց դիմավորել է կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը: Հյուրերը պրոֆեսորադասախոսական կազմի հետ շրջել են կրթահամալիրի տարածքում, եղել լսարաններում, ԵԱՀԿ աջակցությամբ կառուցված մարզասրահներում: ԵԱՀԿ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հետաքրքիր էքսկուրս անցկացնելու համար և համագործակցության պատրաստակամություն հայտնեցին:
Կողմերը քննարկել են ոստիկանության կրթահամալիրի դասախոսների համար տարբեր թեմաներով վերապատրաստման դասընթացներ անցկացնելու, անհրաժեշտ գրականության տպագրության և այլ հարցեր: Մուշեղ Բաբայանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնել է ցուցաբերված աջակցության համար և վերահաստատել, որ համագործակցությունը տալիս է ցանկալի արդյունք: Խոսվել է նաև ոստիականության ուսումնական կենտրոնի, քոլեջի և ակադեմիայի կրթական ծրագրերի մասին, նախանշվել են համագործակցության նոր ուղղություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել