Ներկայիս էլիտայի ներկայացուցիչների մեծ մասը կիսագրագետ կամ արվեստ հասկացությունից կիլոմետրերով հեռու մարդիկ են: Քաղաքում տեղի են ունենում տարբեր իրադարձություններ` համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի պրեմիերաներ, և այդ ամենը ներկայացնում կամ գործողությունների էպիկենտրոնում են գտնվում որակապես բացարձակ անհամապատասխան անձնավորություններ: Քանի որ բոլոր բնագավառներում գերակշռում են առանց համապատասխան կրթության «մասնագետները», էլիտա ասվածը որակապես շատ է տուժում: Չեմ կարող համեմատել ոչ մի երկրի հետ: Լավագույն երաժիշտները, նկարիչները, ռեժիսորները, քանդակագործները, ճարտարապետները և այլք այսօր չեն գնահատվում իրենց ստացած կրթության և վատնած ժամանակին համապատասխան: Դրա փոխարեն ունենք դպրոցը հազիվ ավարտած կամ ավելի վատ ցուցանիշներով պաշտոնյաներ, որոնք և համարվում են մեր ԷԼԻՏԱՆ: Ես չեմ ուզում ապրել մի քաղաքում, որտեղ չեն խրախուսում իրական արվեստը և ոչինչ չեն ձեռնարկում երիտասարդ նոր ուժեր բացահայտելու և օգնության ձեռք մեկնելու նրանց կայացման շրջանում: Պարզ է, եթե որոշումներ ընդունողները գոնե մի փոքր ծանոթ լինեին իրենց գործի բնույթին և ունենային համապատասխան կրթություն, կհասկանային, որ արվեստագետը չի կարող մտածել իր օրվա հացի ապահովման մասին և միևնույն ժամանակ գլուխգործոցներ շռայլել, այն դեպքում, երբ դա չի էլ գնահատվում: Ես չեմ նկատել, երբ որևէ ցուցահանդեսի բացման ժամանակ մարդիկ խելակորույս կամ մեծ ցանկությամբ, իրար հերթ չտալով, ներկա գտնվեն, ինչը չեմ կարող ասել յուրաքանչյուր ռաբիզ երգչի համերգի մասին, որի դահլիճը բազմակի անգամ մեծ է, քան քաղաքի ցանկացած ցուցասրահ: Դա ունի պարզ բացատրություն` տգիտությունն ու ռաբիզությունը քարոզվում են պետական մակարդակով, դրա համար էլ այսօր այս ողբալի վիճակն է: Եթե այսօր արտագաղթում են սովորական քաղաքացիները, ապա մի քանի տարի առաջ արդեն վաղուց լքել են մեր երկիրը շատ անվանի մարդիկ, ովքեր և լիիրավ էին կոչվել ԷԼԻՏԱ: Ցավով եմ նշում, որ այսօր այս բառը կորցրել է իր իմաստը` մի քանի թափթփուկների պատճառով, ովքեր իրենց տգիտությամբ սերունդ են կրթում և իրենց իսկ օրինակով արժեքներ սերմանում` չսովորել, քցել, ստորացնել և ի վերջո այդպիսի ոչնչություն էլ մնալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/meline.yavryan/posts/458726824219728
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել