Պատմության մեջ այս օրը՝ 1920թ. հոկտեմբերի 30-ին, ընկավ Կարսը: Կարսի անկումը հայոց պատմության ամենացավալի էջերից է: Կարսն իր աշխարհագրական դիրքով և ունեցած զենք-զինամթերքով ամիսներ շարունակ կարող էր դիմադրել թշնամուն և նկատելիորեն ձախողել նրա պլանները: Կարսի անկման, ինչպես նաև հայկական բանակի հետագա պարտության անմիջական պատճառներից մեկը զինվորական անձնակազմի շրջանակներում առկա հուսահատությունն էր, քանի որ նրանք գիտակցում էին, որ թուրք-հայկական պատերազմի շրջանակներում կռվում են ռուս-թուրքական միացյալ ուժերի դեմ: Ահա թե այդ առումով ինչ է ասում Սիմոն Վրացյանը․ «...Մի կողմից` ծայրաստիճանի հոգնած, քայքայված և խաղաղության կարոտ հայ ժողովուրդն ուզում էր հավատալ բոլշևիկների հավաստիացումներին, թե ռուսները թույլ չեն տա թուրքերին նոր կոտորածներ անել Հայաստանում, մյուս կողմից` հայ ժողովուրդը, տեսնելով, որ իր դեմ կռվում են և՛ թուրքերը, և՛ ռուսները, և ինքն իր փոքր ուժերով անկարող է դիմադրել այդ երկու հսկա պետություններին, վհատվել էր ու մատնվել բարոյալքման»։
ՀԳ. Հատկանշական է, որ հայկական բանակում ծառայող բրիտանացի Օլիվեր Բոլդուինն իր հուշերում գրում էր, որ Կարսի բերդից ընդամենը երկու թնդանոթ է մի քանի անգամ կրակել արշավող քեմալականների ուղղությամբ և վերջ։