Հոգեբաններից մեկն ասել է. «Հնարավորության դեպքում բռնեք ձեր երեխայի ձեռքը: Կանցնի որոշ ժամանակ, և նա ինքը էլ ձեզ ձեռք չի մեկնի»:

Այն, ինչ մենք անում ենք մեր երեխաների կյանքում, հարյուրապատիկ վերադառնում է: Եթե երեխան մեծանում է վստահության մեջ, սկսում է վստահել մյուսներին: Եթե երեխան սիրված է ու միշտ աջակցություն է ստանում, դառնում է ուշադիր ու հոգատար:

Սակայն կան սխալներ, որոնք մեծերը թույլ են տալիս բարկության պահին կամ անտարբերությունից՝ չմտածելով, թե ինչպես դա կազդի փոքրիկի հոգեբանության վրա:

Մենք շատ ենք վիրավորում մեր երեխաներին, երբ.

ՉԵՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Ես սիրահարվեցի 13 տարեկանում: Համադասարանցիս ինձ իսկական իդեալ էր թվում, ով ինձ ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում: Ես լաց էի լինում, իսկ մայրս ասում էր. «Ոչինչ, դա լուրջ չէ, շուտով կանցնի, իսկ ես չէի ուզում, որ սիրահարվածության հրաշալի զգացողությունն անցներ»: Ինձ բոլորովին ուրիշ խոսքեր էին պետք:

ՉԵՆՔ ԱՋԱԿՑՈՒՄ

Փոքրիկ Կարուզոն դպրոցից տուն եկավ արցունքն աչքերին: Երգի ուսուցչուհին ասել էր, որ նա ձայն չունի: «Ինչ ես ասում, որդիս, դու երգում ես ամենալավ սոխակից էլ գեղեցիկ: Ես դա գիտեմ: Մի լսիր ոչ մեկին»,- հանգստացրեց նրան մայրը: Աշխարհը երբեք էլ չէր լսի հռչակավոր տենոր Էնրիկո Կարուզոյին, եթե չլիներ նրա իմաստուն մայրը: Անընդհատ ասեք երեխաներին, որ նրանք կարող են: Դա թև է տալիս:

ՀԱՄԵՄԱՏՈՒՄ ԵՆՔ ուրիշ երեխաների հետ

«Նայիր՝ ինչ մաքրասեր ու խելացի է այսինչը, ոչ թե քեզ նման»: Ծանո՞թ է: Սրանով, սակայն, այդինչի հանդեպ ատելությունից բացի, ուրիշ ոչինչ չի արթնանում երեխայի մոտ:

ԾԱՂՐՈՒՄ ԵՆՔ

Երբ ջրծաղիկով վարակված ու դեմքին կանաչ սպեղանի քսած փոքրիկ քրոջս հետ մտանք խանութ, վաճառողուհին սկսեց ծաղրել նրան. «Այս ինչ գեղեցկուհի է մեզ հյուր եկել»: Ինձ մոտ առաջացավ նրան սպանելու ցանկություն:

ՆԵՂԱՑՆՈՒՄ ԵՆՔ խոսքով կամ արարքով

8-րդ դասարանում ես ինձ համարում էի արդեն մեծ ու ինքնուրույն: Հայրս երկրաչափության դասը (որը ես այդպես էլ չէի հասկանում) ինձ բացատրելուց հետո մի լավ խփեց հետույքիս: Չցավեց, բայց այնպես վիրավորվեցի, որ մի քանի օր նրա հետ չէի խոսում: Իսկ նա չհասկացավ, թե ես ինչու եմ նեղացել:

ԳՈՌՈՒՄ ԵՆՔ ու հունից դուրս գալիս

Ծննդատան սենյակի հարևանուհիս, երեխայի լացից բարկացած, այնպես գոռաց ու սկսեց թափահարել երեխային, որ փոքրիկի աչքերը վախից կլորացան: Նա չէր հասկանում՝ ինչ է կատարվում: Հետո խեղճ աղջիկն ամոթից չգիտեր ինչ անել:

ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆՔ

Պատկերացրեք ձեր երեխային: Նա ժպտում է ձեզ ու ձեր սրտում արթնացնում այնպիսի քնքշանք ու բարություն: Նա սիրում է ձեզ առանց նախապայմանների, ցանկացած տրամադրության ժամանակ, նվերների կամ դրանց բացակայության դեպքում միայն նրա համար, որ դուք նրա մայրն եք կամ հայրը: Ու այդ մի հատիկ ժպիտի համար դուք կտաք աշխարհում ամեն ինչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել