BlogNews.am-ի գլխավոր խմբագիր

Սիրելի հայրենակիցնե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: 
Տևական ժամանակ իր պետականությունը կորցրած հայ ժողովրդի համար Մայիսի 28-ը հիրավի մեծ տոն է, որը հպարտության հետ մեկտեղ նաև խորհելու տեղիք է տալիս:
1918թ.-ին մեր անկախությունը ձեռք բերեցինք ու ամրագրեցինք Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ-Ապարանի հերոսամարտերի ընթացքում ու արդյունքում: Մեզ հաջողվեց մեր անկախ պետականությունը կերտել արյան գնով, զենքը ձեռքներիս: Իսկ երբ բավարար ուժ չունեցանք այն պահելու, որոշ ժամանակ անց այն կորցրինք: 
Այսօր առավել քան երբևէ մեզ համար կարևորվում է հզոր պետություն ունենալը, քանի որ, ինչպես 20-րդ դարի սկզբում, այնպես էլ դարավերջին, մեզ վիճակված էր անկախություն ձեռքբերելուն զուգահեռ կյանքի գնով ու զենքի ուժով պայքարել: 
Ուստի Մայիսի 28-ի խորհուրդը և հետագայի դասերը մեզ պարտադրում են ավելի ուժեղ լինել, որպեսզի կարողանանք մեր անկախությունը պահենք, փայփայենք ու ամեն գնով հզորացնենք մեր պետությունը:
Եվ կարծում եմ՝ կարևորն է այն գիտակցության գալը, որ հայրենիքը ոչ թե ժառանգություն ենք ստացել մեր նախորդներից, այլ՝ պարտք ենք վերցրել մեր հետնորդներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել