Ովքե՞ր են աշխարհի ամենահայտնի հայկական ծագում ունեցող մարդիկ:
Հարց, որի պատասխանը գրեթե բոլորի մոտ նույնն է՝ Քըրք Քըրքորյան, Քիմ Քարդաշյան, Սերժ Թանկյան, Շառլ Ազնավուր, Շեր, Արթուր Աբրահամ, որից հետո ոմանք կասեն Անդրեյ Աղասի (չի ընդունում որ հայ է), Յուրի Ջոռկաեֆֆ և այլք: Բոլոր նշվածները ունեն հայկական ծագում, բայց չեն ծնվել և ապրել Հայաստանում: Այստեղից հետևություն, որ հայը, հաջողության հասնելու համար, պետք է հնարավորինս շուտ լքի Հայաստանը: Էստեղ առաջանում է հարց. 
-Իսկ ինչո՞ւ հայաստանաբնակ հայերը չեն հասնում համաշխարհային ճանաչման:
Թերևս կա երկու տարբերակ:
1. ՀՀ-ում չկան համապատասխան պայմաններ,
2. լավագույն հայերը լքում են Հայաստանը:
Չէի ուզենա քննարկել տարբերակները (ընտրությունը թողնում եմ ձեզ), միայն ասեմ, որ երկու տարբերակներն էլ ինձ համար շատ ցավալի են:
Ի դեպ, հատկանշական է նաև այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության 3 նախագահներից և ոչ մեկը չկա ամենահայտնի հայերի նույնիսկ տասնյակում:
Մենք մեզ համարում ենք ամենախելացի ազգը, բայց փաստ է, որ Հայաստանը աշխարհին չի տվել ոչ մի Նոբելյան մրցանակակիր, ոչ մի աշխարհահռչակ ռեժիսոր, դերասան, գրող, ում գրվածքները աշխարհում ճանաչում կստանային: Մենք չունենք ոչ մի ազգային բրենդ:
Թվում էր, թե կոնյակը կարող է հանդիսանալ այդպիսին, բայց էստեղ էլ մերոնք կարողացան սպիրտի հետ թեյի գույն խառնելով հասցնել գերշահույթի, որը սպանեց հայկական կոնյակը որպես բրենդ: 
Իսկ արտասահմանում, երբ որ ասում ես «Armenia», հիմնականում մարդիկ հասկանում են «Romania», լացելու է:
Եվ այսքանից հետո հարց է ծագում. ինչո՞ւ ենք մենք մեզ համարում աշխարհի ամենախելացի ազգը:
Ամենախելացի ազգը, որը 20 տարուց ավելի է չի կարողանում երկիր կառուցել,
ամենախելացի ազգը, որը չի կարողանում իր քաղաքացիների համար ստեղծել պայմաններ:

Հ.Գ. Երկիրս երկիր չի.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել