Կլինիկական դեպրեսիան հոգեկան խանգարումների ամենատարածված ձևն է աշխարհում, որով տառապում է շուրջ 300 մլն մարդ: Այն ախտորոշելը չափազանց դժվար է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ քչերն են դիմում հոգեբանի, եթե ունեն դեպրեսիայի ախտանիշներ: Սակայն վերջերս Հարվարդի և Վերմոնտի համալսարանների գիտնականները պարզել են, որ հնարավոր է ախտորոշել կլինիկական դեպրեսիան Ինստագրամի օգտատերերի նկարների միջոցով: 

Նրանք ուսումնասիրել են շուրջ 166 օգտատիրոջ 43950 լուսանկար: Ուսումնասիրություններից հետո նրանք խնդրել են այդ օգտատերերին պատասխանել դեպրեսիան ախտորոշող հարցման, որի արդյունքներից ելնելով էլ կարողացել են կատարել վերջնական եզրահանգումներ:

Արդյունքում պարզվել է, որ բոլոր նրանք, ովքեր հարցումներում նշել են, որ հաճախ են ընկճված լինում կամ հաճախ են մտածում իրենց վնասելու մասին, ինստագրամյան իրենց լուսանկարներում հաճախ են օգտվում սև ու սպիտակ ֆիլտրերից, իսկ բոլոր նրանք, ովքեր այդպիսի խնդիր չունեն, նախընտրում են լուսավոր ֆիլտրեր:

Դեպրեսիայով տառապողները նախընտրել են հենց Inkwell ֆիլտրը, որը լուսանկարները սև ու սպիտակ է դարձնում կամ մուգ գույն տալիս, իսկ մյուսները` Valencia «տաք» ֆիլտրը: Բացի այդ՝ առաջինները հաճախ են սելֆիներ հրապարակում ու իրենց լուսանկարներում նախընտրում են միայնակ լինել, առանց ընկերների կամ հարազատների:

Այսպիսով՝ վերջնարդյունքում գիտնականները վստահեցնում են, որ Ինստագրամի օգտատերերի էջերի ուսումնասիրությունը, նրանց հավանությունների ու մեկնաբանությունների օրինաչափություններին հետևելը կարող է 70% ճշգրտությամբ ախտորոշել դեպրեսիան ու օգնել հոգեբաններին նվազեցնել սխալվելու հավանականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել