Բոլոր ժամանակներում կան սոցիալական միջավայրեր, որտեղ կերտվում են հասարակության տարբեր ոլորտների առաջնորդները։ Էդ սոցիալական միջավայրում հաջողության հասած մարդը ստանում ու սովորում է ամեն ինչ տվյալ համայնքում առաջնորդի տեղ զբաղեցնելու համար։
Խորհրդային ու հետխորհրդային երկրներում 1980-1990 ականներին առաջնորդներ պատրաստող սոցիալական միջավայրը բակերն ու կուսակցական կյանքն էր։
Օրինակ՝ մինչև վերջերս Հայաստանում շատ էին ղեկավարները, որոնք ժամանակին ակտիվ են եղել պալիտ բյուրոյում ու բակերում։ Մի քանի ամիս առաջ երկրի առաջին դեմքը խորհրդային պալիտ բյուրոյի ակտիվիստ էր, իսկ շատ այլ պաշտոնյաներ բակերում հաջողության հասած ակտիվ մարդիկ։
Ինչո՞ւ էր էդպես։ Որովհետև բակն ու կուսակցական կյանքն այն սոցիալական միջավայրն էին, որտեղ հղկվում էին տվյալ շրջանի հասարակության համար անհրաժեշտ կոմունիկացիոն, փորձի, գիտելիքի, առաջնորդական կարողությունները։
Հիմա իրավիճակն այլ է։ Ինձ թվում է՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում գնալով թուլանում է բակի ու կուսակցության դերը առաջնորդների պատրաստման հարցում։ Ճիշտ է, նախկին համակարգի շատ առաջնորդներ դեռ շարունակում են ադապտացվել ու լավ զգալ ներկա աշխարհում, բայց իրենց սոցիալական փորձն ու կարողությունները գնալով անպիտան են դառնում։ Պրոցեսն անշրջելի է։
Իսկ որ միջավայրի ազդեցությամբ են ներկա հասարակական առաջնորդները ստեղծվում, եթե բակն ու կուսակցական կյանքն արդեն անպիտան են։
Ինձ թվում է՝ ներկայում այդ միջավայրն օնլայն տիրույթն է և միջազգային, տեղական հասարակական սեկտորում ակտիվ կյանքը։ Հենց օնլայն տիրույթն ու հասարակական ակտիվ կյանքն են հղկում կոմունիկացիոն փորձ ու առաջնորդական կարողություններ, որոնք հիմա և ապագայում լիդերներ են տալու (և տալիս են) մեր հասարակությանը։
Հենց այդ պատճառով է, որ վերջին հեղափոխության ընթացքում մեծ էր դերն այնպիսի մարդկանց, ովքեր ակտիվ են օնլայն տիրույթում ու միջազգային և տեղական հասարակական սեկտորում։ Էնպես որ, եթե Ձեր երեխաներին ցանկանում եք տեսնել հասարակության լիդերների շարքերում, ապա ուշադիր եղեք, թե մանկուց որ սոցիալական միջավայրում է ժամանակ անցկացնում։