Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայաստանցիներին հորդորում է ամեն պատճառով փողոցները չփակել, հարգել նաև մյուսների ազատությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կապանում քաղաքապետի «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի քարոզարշավին մասնակցելով՝ ՀՀ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց` կառավարությունը պատրաստ է լսել բոլորին:

«Ամենակարևոր ձեռքբերումը մեր ազատությունը, օրինականությունը, ժողովրդի իշխանությունն է : Բայց իմ համոզմունքն այն է, որ մենք պետք է շատ խնամքով վերաբերենք մեր ազատությանը, պետք է ոչ թե ցածրացնենք դրա արժեքը, այլ բարձրացնենք: Հայաստանում բանը հասել է նրան, որ հարևանը մի ճանապարհ է փակում, մյուսը` մեկ այլ: Ով ինչ խնդիր ունի, ճանապարհ է փակում: Սա, անկեղծ ասած, այնքան էլ ընդունելի չէ»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց` ինքն այն մարդն է, ում հորդորով փակվել էին Հայաստանի բոլոր ճանապարհները, սակայն նաև նշեց` եթե 10 անգամ փողոց է փակել, հազար անգամ ներողություն է խնդրել բոլոր քաղաքացիներից, ում անհարմարություն է պատճառել, բացատրություն է տվել, ստացել է ժողովրդի թույլտվությունը: Եվ Փաշինյանը խնդրեց հաստատել, որ նա ունեցել է դա անելու բոլորի թույլտվությունը: Ծափերը դա հաստատեցին:

«Մեկին չես թողնում օրենք խախտի, ճանապարհ է փակում: Կան, իհարկե, բազմաթիվ քաղաքացիներ, որոնք արդարացի պահանջներով են փակում: Բայց  միթե կառավարությունը հրաժարվում է  ձեզ լսել` առանց ճանապարհ փակելու: Դուք ունեք խաղաղ հավաքներ անելու իրավունք: Ուզում եք ասել ձեր ասելիքը, բարձրաձայնեք և ձեզ կլսեն»,- վստահեցրեց Փաշինյանը:

Նա նկատեց` այսօր Հայաստանի լրատվամիջոցներն ազատ են առավել, քան երբևէ: Երրորդ Հանրապետության պատմության մեջ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել: Փաշինյանը նշեց` եթե մարդիկ հարց բարձրաձայնեն, ողջ մամուլը լուսաբանելու է: «Պետք չէ փակել ճանապարհները: Պետք չէ արժեզրկել, դարձնել ամենօրյա օգտագործման կենցաղային իր այն ազատությունը, որը ձեռք ենք բերել միասին բարձր պայքարի միջոցով»,- ընդգծեց Փաշինյանն ու հորդորեց Հայաստանի քաղաքացիներին չվարվել այդպես:

Նա վերահաստատեց` Հայաստանում պետք է լինի փոխադարձ հարգանքի մթնոլորտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել