Մարսել Պետյեն ֆրանսիական կրիմինալիստիկայի պատմության ամենահանելուկային և սարսափելի կերպարներից էր։

Այս սկանդալային գործը սկսվել է 1944 թ. մարտի 11-ին Փարիզում։ Շրջապատող տների բնակիչները վերջապես կարողացան դիմել ոստիկանություն՝ պահանջելով կարգի հրավիրել Ռյու-Լեզեռի 21-րդ տան տերերին, որոնց խողովակներն արդեն մի քանի օր է, ինչ գարշահոտություն էին տարածում։ Ոստիկանության ժամանած աշխատակիցները կարծում էին, որ բուխարիում սատկած կատու կհայտնաբերեն կամ այրված թռչուն և կնախատեն տանտերերին, սակայն ամեն ինչ շատ ավելի սարսափելի էր։

Այս տան վայրում նախկինում ձիեր էին պահում։ Ոստիկաններն այստեղ հայտնաբերեցին մարդկանց մարմինների մնացորդների հսկայական մի կույտ և վառարանում թողնված այրված մնացորդներ։ Բացի դրանից՝ հատակին հայտնաբերվեց մի փոս, որը լցված էր չհանգած կրաքարով, որտեղ կրկին մնացորդներ էին պահպանվում։ Հետագա քննությունը ցույց տվեց, որ մարդասպանը խլել է առնվազն 71 մարդու կյանք։ Ճիշտ է, քննության ընթացքում հնարավոր է եղել անհատականացնել միայն 27 մարդու, սակայն հիմնավոր ապացույցներ կային, որ սա սպանությունների երկար շղթա էր, որի արդյունքում մահացել է շուրջ 200 կին, տղամարդ և երեխա։

Ուսումնասիրողները պարզել են, որ Մարսել Պետյեն 1941-1943 թթ. կազմակերպել է «ստորգետնյա ուղի», որը մարդկանց թույլ էր տալիս անօրինական կերպով դուրս գալ երկրի սահմաններից։ Նրա ծառայություններից օգտվում էին հանցավոր աշխարհի կարկառուն ներկայացուցիչներն ու այլ անձինք։ Նրանք միջնորդի միջոցով գալիս էին Պետյեի մոտ, ով իր ապագա զոհերին մորֆինով սուրճ էր հյուրասիրում, ապա քնած զոհին մահացու կուրարե թույն էր ներարկում։ Դրան հետևում էր զոհի մարմնի մասնատումը, մնացորդների նետումն արդեն հայտնի փոսի մեջ, այնուհետև դրանց այրումը։

Ամենասարսափելին այն է, որ Մարսել Պետյեն երկար տարիներ որպես բժիշկ է աշխատել, և այդ տարիների ընթացքում պարբերաբար անհետանում էին նրա հիվանդները։ Նա միշտ օգտագործում էր բուժման ոչ ավանդական եղանակներ և խնդիրներ ուներ օրենքի հետ կապված։ Ինչպես պարզ է դարձել, Մարսելը տառապում էր շիզոֆրենիայով, ինչպես նաև կլեպտոմանիայի նոպաներ ուներ։ Օրենքի հետ կապված նրա խնդիրները չէին խոչընդոտում, որպեսզի Մարսելը զբաղեցնի հայրենի քաղաքի՝ Օկսերայի քաղաքապետի պաշտոնը, այնուհետև աշխատանքի անցնի փարիզյան ադմինիստրացիայում։

Երկար ու բարդ որոնողական աշխատանքներից հետո Մարսել Պետյեն ձերբակալվեց և կանգնեց դատարանի առջև։ Նրան մահապատիժ նշանակվեց, որը պետք է իրականացվեր 1946 թ. մայիսի 26-ին՝ առավոտյան 5.06-ին։

Սակայն այս գործում մինչ օրս մի քանի մութ անկյուններ կան։ Նախ՝ այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչքան մարդ է զոհվել Մարսել Պետյեի ձեռքով։ Երկրորդ՝ հայտնի է, որ նրա վերջին հյուրերը, ովքեր պատրաստվում էին անօրինական կերպով լքել Ֆրանսիան, մեծ քանակությամբ գումար են բերել։ Թե ուր են անհետացել ողջ գումարը, ոսկիներն ու արժեքավոր իրերը, հայտնի չէ։ Եվ ամենակարևորը՝ ո՞վ է օգնել Մարսելին նման գործունեություն ծավալել. չէ՞ որ նա չէր կարող այս ամենը միայնակ անել։ Շշուկներ էին պտտվում, որ նա մասոնական կազմակերպության էր անդամակցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել