«Գործակալ 044․ օպերացիա Գեղարդ». «ԿինոՊարկում» երեկ կայացավ հայկական առաջին դետեկտիվ-կատակերգության պրեմիերան։ 1 ժամ 45 րոպե տևողությամբ կինոժապավենը խոստանում է հետաքրքիր, լարված, գաղտնիքներով ու անսպասելի շրջադարձերով լի պատմություն, անհավանական հանգուցալուծումներ և, իհարկե, լիաթոք ծիծաղ։ Ֆիլմի առաջնախաղին ներկա է եղել նաև BlogNews.am-ը, ֆիքսել պրեմիերայի հայտնի հյուրերին ու զրուցել ստեղծագործական թիմի հետ։

Հռոմի պապի հայաստանյան այցին ընդառաջ Սուրբ Գեղարդը տեղափոխվում է թանգարան, որպեսզի հանրության լայն շրջանակը կարողանա այն դիտել: Պապի ժամանումից ընդամենը 7 օր առաջ այն թանգարանից գողանում են: Հատուկ կազմված հանձնաժողովը Գեղարդի գողության բացահայտումը վստահում է արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցին: Նրա՝ Հայաստան գալու առաջին իսկ վայրկյաններից պարզ է դառնում, որ Հենզելն անհաջողակ է, սակայն այդ անհաջողությունները վերածվում են հաղթանակների: Նա ստիպված է գործել ծայրահեղ գաղտնիության պայմաններում, ինչի պատճառով անընդհատ կերպարանափոխվում է և հայտնվում տարբեր զավեշտալի իրավիճակներում:

_H2A4472_H2A4522«Ջոնի Ինգլիշ», «Վարդագույն հովազ», «Ագենտ 117». համաշխարհային կինեմատոգրաֆի օրինակով այսուհետ մենք ևս ունենք մեր գործակալը՝ Հենզել Բրուտենց։ Արգենտինահայ գործակալին մարմնավորում է Մկրտիչ Արզումանյանը։ Նա դերասանական կարիերայի ընթացքում առաջին անգամ է ներկայանում այս ժանրում. «Շատ բարդ էր, քանի որ, ըստ տարիքի, պետք է ավելի պլաստիկ, արագ լինես: Վերջում, կարծում եմ, եկանք այդ արդյունքին: Հենզելը մի քիչ աննորմալ է, նույնիսկ շատ, բայց չգիտի այդ մասին: Անընդհատ կերպարանափոխվում է ու դինամիկ ձևով նոր կերպարներ ստեղծում։ Նա կարծում է՝ ամեն ինչ լավ է, այնինչ ինքն անհաջողակ է: Այդուհանդերձ, տարբեր սխալների միջոցով վերջում Գեղարդը վերադարձնում է: Ստեղծել ենք նոր կերպար, որը, մեծ հույսեր ունեմ՝ երկար կապրի»,- ասում է դերասանը։

Մկրտիչի հետ ֆիլմում հանդես են գալիս նաև Հայկ Սարգսյանը, Մարիամ Ադամյանը, Արմեն Մարգարյանը, Մարիամ Դավթյանը, Մակար Գալստյանը։ Ռեժիսորը Հայկ Կբեյանն է, գլխավոր սցենարիստը՝ Նարեկ Ավագյանը։ Ստեղծագործական թիմը վստահեցնում է՝ բացի որակյալ հումորից՝ ֆիլմում կան նաև նուրբ շեշտադրումներ՝ Սուրբ Գեղարդը դարձնել ֆիլմի կարևորագույն գործոն. «Մի քանի տարբերակներ ունեինք՝ Մատենադարանում ինչ-որ մագաղաթ և այլն, նաև Գեղարդի տարբերակը կար։ Բայց մենք որոշեցինք կանգ առնել Գեղարդի վրա մի շատ կարևոր պատճառով։ Խնդիրն այն է, որ երբ սկսեցինք ներքին հետազոտություն անել, հասկանալ մարդկանց հետաքրքրությունները, վերաբերմունքը և այլն, ուղղակի «շոկ» ապրեցինք։ Պարզվեց՝ մեր ժողովրդի 80 տոկոսը չգիտեր, թե ինչ է Գեղարդը։ Երբ ասում էինք՝ գողանում են Գեղարդը, մարդիկ հասկանում էին, թե Գեղարդի վանքն են գողանում»,- նշում է սցենարիստ Նարեկ Ավագյանն ու ավելացնում, որ իրենք դրանից ելնելով են առաջնայնությունը Գեղարդին տվել, որպեսզի ֆիլմի շնորհիվ մարդիկ իմանան նաև Սուրբ Գեղարդի մասին։

_H2A4538_H2A4520
Նախագծի վրա անձնակազմն աշխատել է շուրջ 1 տարի: Նկարահանումները տեղի են ունեցել այս տարվա ամռանը: Ստեղծագործական թիմն ու մասնավորապես Մկրտիչն արկածների պակաս էլ չեն ունեցել: Վերջինս ստիպված է եղել անգամ կասկադյորական հնարք կատարել. «Դրվագներից մեկում Հենզելը պետք է իջնի շենքի տանիքից ու մտնի բնակարաններից մեկը: Դա անում եմ հենց ես: Չնայած առաջին դուբլերի ժամանակ կատուների պես էի, հետո հասկացա, որ պետք է մի քիչ խաղալ, սկսեցի շարժումներ անել»,- պատմում է դերասանը։

«Գործակալ 044․ օպերացիա Գեղարդ». Ֆիլմն այսօրվանից կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում: Հեռուստատեսությամբ այն կցուցադրվի միայն 2019-ի վերջում՝ Ամանորից ոչ շուտ: 

_H2A4471_H2A4563_H2A4568_H2A4513_H2A4571_H2A4573_H2A4561_H2A4515_H2A4522_H2A4576_H2A4524_H2A4529_H2A4532_H2A4533_H2A4581_H2A4590_H2A4541_H2A4543_H2A4548_H2A4591_H2A4552_H2A4555_H2A4558_H2A4583_H2A4585_H2A4588

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել