Հայկ Նահապետը (կենսագրական տեղեկություններ չկան) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է, Հայոց ավանդադիրը: Ջվանշեր պատմիչի մոտ պահպանված ավանդազրույցի համաձայն՝ Կովկասյան լեռնաշղթայի, Պոնտոս (Սև) և Կասպից ծովերի միջև տարածված երկիրը Հայկը ժառանգել է հորից՝ Թորգոմից: Հայկը հարկատու է եղել աշուրակա-բաբելոնական բռնապետ Բելին (Նեբրովթ): Համախմբելով իր եղբայրների, որդիների, թոռների ուժերը՝ Հայկն ապստամբել ու թոթափել է օտար բռնակալի իշխանությունը: Բելն իր որդիներից մեկի գլխավորությամբ դիվանագիտական պատգամավորություն է ուղարկել Արարատի երկիրը և Հայկից պահանջել հնազանդվել և վերստին ճանաչել իր գերագահ իրավունքները: Հայկը, ենթակա աստծո գահն իր համար անպատվաբեր համարելով, հետ է ուղարկել Բելի պատգամավորներին: Հայկին պատժելու նպատակով Բելը մեծաքանակ զորքով մտել է նրա բնակության սահմանը: Քերթողահայր Մովսես Խորենացին հիշատակում է, որ Կադմոս թոռան միջոցով իմանալով Բելի ներխուժման մասին, Հայկը հավաքել է իր զորքերին և արագ երթով հասել է «աղի ջրեր ու մանր ձկներ ունեցող ծովակի»՝ Վանա լճի ափը և մ.թ.ա. 2492թ.-ին Խոշաբ գետի ափին բռնակալ Բելի դեմ կռվի է ելել իր փոքրաթիվ զորաբանակով: Հայկյանները, չերկնչելով ստվար թշնամուց, մարտն ընդունել են քաջաբար. «Երբ երկու կողմի հսկաներն իրար մոտ հասան, երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին իրենց գրոհներով և իրար վրա ահ ու սարսափ էին գցում իրենց հարձակումների ձևով: Այնտեղ երկու կողմից ոչ սակավ հաղթանդամ մարդիկ, սրի բերանի հանդիպելով, թավալվում, ընկնում էին գետին, և կռիվն (անորոշ էր մնում), երկու կողմերն էլ անպարտելի մնալով:
Այս անսպասելի տարակուսական դիպվածը տեսնելով՝ Տիտանյան արքան զարհուրեց և հետ քաշվելով սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր. որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև բոլոր զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատամարտ սարքի: Աղեղնավոր Հայկը, այս բանը հասկանալով, իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, պինդ քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը, շեշտակի թափով անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում. այս կերպով՝ ճոխացած Տիտանյանը կործանվում, ընկնում է գետին և շունչը փչում է: Իսկ ամբոխը, այս քաջության ահագին գործը տեսնելով, փախչում է ամեն մեկը իր երեսը դարձած կողմը»: Հայկի և Բելի մասին վեպը վերաբերում է հայ ժողովրդի մանր տոհմային միավորումներից մեկ ընդհանուր պետական կազմավորում ստեղծելու փուլին և իր մեջ կրում է Հայկական լեռնաշխարհի ցեղերի համախմբման և հայ ժողովրդի ինքնահաստատման գաղափարը: Բելին սպանելուց հետո Հայկը վերադարձել է իր բնակատեղը՝ հետը տանելով Բելի զմռսած դիակը «ի տեսիլ կանանց և որդւոց իւրոց»: Ի պատիվ հաղթանակի Հայկը ճակատամարտի տեղում կառուցել է Հայք դաստակերտը, որի անունով շրջակա գավառը կոչվել է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ նետսպան է եղել Բելը, Հայկն անվանել է Գերեզմանք: Այս դեպքերից հետո նրա բնակիչները Հայկի անունով կոչվել են Հայկազունք, Հայկազարմք, Հայք, իսկ նրանց երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան: Անանիա Շիրակացու և Վանական Վարդապետի մոտ պահպանված ավանդություններում Հայկը նաև հայոց առաջին տոհմադիրն է, ժամանակի, տարվա չափ ու շրջան որոշողը (հայկական տարվա ամիսները կոչվել են Հայկի որդիների ու դուստրերի անուններով):

«200 Հայ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ» գրքից, էջ 13, Տիգրան Հայազն, Հրաչյա Պետրոսյանց

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել