Երեկ հայ ֆուտբոլասերները մեծ սպասումներ ունեին Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնությունների վերջին տուրերի հանդիպումներից: Առաջինը կապված էր Յուրա Մովսիսյանի հետ, որին եթե հաջողվեր խփել մեկ գնդակ, ապա կդառնար Ռուսաստանի առաջնության միանձնյա ռմբարկու, իսկ Հենրիխ Մխիթարյանը «Մետալուրգի» հետ խաղում երկրորդ գնդակը խփելու պարագայում կկրկներ «Շախտյորի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Ստարուխինի արդյունավետության ռեկորդը: Ցավոք, ոչ Յուրային և ոչ էլ Հենրիխին չհաջողվեց խփել այդ գնդակը: Սակայն եթե Մխիթարյանի դեպքում ամբողջ ԹԻՄԸ իր ավագ Սռնայի գլխավորությամբ, գործնականում ամեն ինչ արեց, որ նա այդ նշանակալի արդյունքն ապահովեր, ապա Մովսիսյանը այդպես էլ իր խաղընկերներից նման աջակցություն չստացավ: Հատկանշական է, որ ամբողջ երկրորդ խաղակեսի երկրորդ հատվածը ՆՏՎ-ի ֆուտբոլային մեկնաբանները խաղը մեկնաբանում էին բացառապես «Սպարտակի» հարձակվողի այդ բաղձալի գոլը խփելու տեսանկյունից: Եվ որքան մեծ էր նրանց ու, վստահ եմ, «Սպարտակի» երկրպագուների և հայ ֆուտբոլասերների հիասթափությունը, որ Յուրան այդպես էլ իր խաղընկերներից չստացավ այդ միակ գոլային փոխանցումը: Խուսափելով հուզական մեկնաբանություններից՝ ուզում եմ շնորհավորել Հենրիխին Ուկրաինայի առաջնության և առաջնությունների լավագույն ռմբարկու դառնալու, իսկ Յուրային իր նախկին թիմակից բրազիլացու հետ լավագույն ռմբարկուի դափնիները կիսելու համար: Սա, իրոք, աննախադեպ հաջողություն է մեր ֆուտբոլի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել