168.am-ը գրում է.

Hitachi ճապոնական էլեկտրատեխնիկական կորպորացիան ամերիկյան General Electric-ի հետ համատեղ կզբաղվեն մինչեւ 300 հազար կՎտ հզորությամբ մինի-ատոմային էլեկտրակայանների մշակմամբ, որոնք պետք է շատ անգամ ավելի էժան ու անվտանգ լինեն ներկա կայաններից: Դրանք պոտենցիալ գնորդներին պատրաստվում են առաջարկել 2030-ական թվականներին:

Այդ մասին հայտնել է Yomiuri shimbun թերթը: Նրա տվյալներով՝ երկու կորպորացիաների դուստր ընկերությունները մեկ տարվա ընթացքում արձանագրություն կստորագրեն մինի-ԱԷԿ-ների մշակման բնագավառում համագործակցելու մասին:

Սկզբնապես խոսքը կվերաբերի տեղեկատվության փոխանակմանը, քանի որ Hitachi-ն եւ General Electric-ն արդեն վաղուց են ինքնուրույն զբաղվում այդ հիմնախնդրով: Ենթադրվում է, որ մինի-ԱԷԿ-ները մոտավորապես տասն անգամ պակաս կարժենան ավանդական տիպի ատմակայաններից: Դրանք հնարավոր կլինի որպես էներգիայի էժան աղբյուր օգտագործել հենց արդյունաբերական համալիրներում եւ տեղակայել հողի տակ՝ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:

Նման կայանքների առաջարկումը, ինչպես ենթադրվում է, կօգնի հաղթահարել ատոմային Էլեկտրակայաններից հրաժարվելու ներկայիս միտումը: Մասնավորապես, ճապոնական Nikkei թերթը՝ վկայակոչելով էներգետիկայի միջազգային գործակալության տվյալները, հայտնել է, որ ատոմային էներգետիկայում գլոբալ ներդրումները 2017 թվականին նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել են 45 տոկոսով եւ կազմել 17 մլրդ դոլար:

Հրատարակության հաշվարկներով՝ մոլորակի էներգետիկական ոլորտում ներդրումների ընդհանուր ծավալը 2017 թվականին կազմել է 1,8 տրլն դոլար՝ նախորդ տարվա համեմատությամբ կրճատվելով 2 տոկոսով: Հանքային վառելիքի օգտագործման վրա հիմնված հզորություններում կապիտալ ներդրումներն ընդհանուր առմամբ մնացել են նախկին մակարդակի վրա:

Սակայն նոր ատոմակայանների շինարարության գործում կատարվող ներդրումներն աշխարհում, թերթի տվյալներով, նվազել են 70 տոկոսով: Nikkei-ը նշում Է, որ բազմաթիվ երկրներ սկսել են ատոմային էներգետիկային անվստահությամբ վերաբերվել 2001 թվականի գարնանը ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո:

Դրանից հետո անվտանգության հարցում աճած պահանջները բերում են նաեւ ատոմային էլեկտրակայանների կառուցման նախագծերի զգալի թանկացման, ինչը նվազեցնում է դրանց գրավչությունը: Թերթը հիշեցնում է, որ, մասնավորապես, Գերմանիան որոշել է լիովին հրաժարվել ատոմակայաններից, Շվեյցարիայում հանրաքվեի արդյունքներով արգելված է կառուցել նոր ատոմակայաններ, Ֆրանսիան մտադիր է կրճատել իր կախվածությունը ատոմային էներգետիկայից:

Համանման գործընթացներ են տեղի ունենում նաեւ Ասիայում. Թայվանը, օրինակ, մինչեւ 2025 թվականը մտադիր է հրաժարվել ատոմային էլեկտրակայաններից, դրանց օգտագործման լուրջ սահմանափակումներ են մտցվում Հարավային Կորեայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել