Վաղուց մի խնդրի եմ ուզում անդրադառնալ, բայց իմ կյանքից մի պատմություն պատմեմ, նոր։
Տարիներ առաջ շատ խառը պայմաններում նկարահանող խմբով կորել էինք Թուրքիայի տարածքում։ Հասանք մի ամայի վայր, որտեղ մարդկություն հիշեցնող ոչինչ չկար, մեքենայի վառելիքն էլ վերջացավ, կապ էլ գրեթե հնարավոր չէր որսալ, ու այնքան ցուրտ էր, որ մեքենայից դուրս գալ չէր լինում։ Տարօրինակ կենդանիների ձայներ, ջուր չունենք, ուտելիքի մասին չեմ խոսում, բոլորն իրար վրա խուճապից բղավում են, մի խոսքով` մղձավանջ... Մի քանի ժամ վարել ենք մեքենան անհայտ ուղղությամբ, մարդիկ էլ նույնիսկ եթե հայտնվեին, վախը կբազմապատկվեր, որովհետև բարեկամական երկրում չէինք: Երբ հասկացանք, որ փրկություն չկա, ստիպված էինք մեր թուրք (կամ քուրդ կամ ծպտյալ հայ՝ էդպես էլ չհասկացա, դա կարևոր չէ արդեն) մի ծանոթից օգնություն խնդրել, հաղթահարեցի հպարտությունս, սրթսրթալով բարձրացա մի բլրի վրա, կապ գտա, զանգահարեցի ու փորձում եմ բացատրել՝ ճանապարհին ինչ եմ տեսել, որպեսզի հասկանա, թե մոտավորապես ուր կլինենք: Ասաց․ «Էսպես ասեմ՝ մեր երկրի ամբողջ տարածքով ամեն կիլոմետրը մեկ պարտադիր ցուցանակ կա։ Եթե արդեն վաղուց ցուցանակ աչքովդ չի ընկել, էլ չեմ ասում, որ քո նկարագրած քարքարոտ, չսարքած ճանապարհ գրեթե չունենք, ուրեմն՝ չեմ հասկանում, թե որտեղ եք, չգիտեմ ինչ անել։ Քայլիր գոնե մի քանի կմ, գտիր ցուցանակ, եթե չգտար, մեր տարածքում չեք։ Միակ բանը, որ կարող եմ անել, ոստիկանություն զանգահարելն է, բայց ինքդ էլ գիտես, որ դա ձեզ համար լավ չի ավարտվի։ Այլ ելք չկա, մի կերպ գտեք մի ցուցանակ, որպեսզի հասկանամ, թե ինչպես գտնեմ ձեզ էս գիշերվա կեսին»)
Դե, արդեն պատկերացնում եք, որ եթե էսպես ամեն ինչ անհաջող էր ընթանում, հետևաբար հեռախոսի մարտկոցն էլ նստեց, և կինոն ավարտվեց))) Ինձ մնաց միայն նայել այդ սուպերաստղազարդ երկնքին ու ասել․ «Ու դուք հիմա թողնելու եք, որ ես էստեղ տանջամահ լինե՞մ։ Մի բան մտածեք անիմաստ փայլելու փոխարեն»)) Իսկ այն, ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր
Ասածս ի՞նչ է։ Բա ի՞նչ կարելի է անել, որ մեր երկրում էլ ցուցանակները շատ լինեն։ Հույսը չդնենք անցորդներին հարցնելու վրա) Լավ է, ասում-խոսում ենք, բայց ճիշտ չէ, պետք չէ։