<Իշխանությունը պատկանում է ժողովրդին>։

Այս ձևակերպումը դրված է ՀՀ Սահմանադրության 2րդ հոդվածում և վերջին իրողությունների լույսի ներքո հաճախ է բարձրաձայնվում Վարչապետ Փաշինյանի կողմից՝ իր հրապարակային ելույթներում։

Հատուկ ընդգծվում է նաև, որ այսուհետ <ժողովուրդն> է որոշելու բոլոր հարցերը։

Այս խնդրի կապակցությամբ ցանկանում եմ հայտնել իմ, առավելապես ակադեմիական (գիտական) կարծիքը, որը, կարծում եմ, օգտակար կլինի մեր Կառավարության և Վարչապետի համար՝ հետագա հրապարակային ելույթներում <ժողովուրդ> երևույթը կիրառելու պարագայում։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի, իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրացնում է ազատ ընտրությունների և հանրաքվեների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։

Փաստացի հղում անելով նշված դրույթի առաջին մասին, անտեսվում է դրա երկրորդ, իմ խորին համոզմաբ, առավել կարևոր մասը։

Սահմանադրա-իրավական և քաղաքագիտական իմաստով <ժողովուրդը>, որպես իշխանության կրող և որոշում կայացնող միավոր, հանդես է գալիս բացառապես ընտրությունների և հանրաքվեների ժամանակ, որով ձևավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ նրանց փոխանցելով իր անունից հանդես գալու և այդ իշխանությունն իրացնելու իրավունքը։

Հանրաքվեների ընթացքում <ժողովուրդը> իր հավաքական կամքն է արտահայտում կոնկրետ դրված հարցի վերաբերյալ, որը դրվում է իր իսկ կողմից ընտրություններով ձևավորված մարմինների՝ Կառավարություն, Ազգային Ժողով, կողմից։

Փաստացի կարող ենք պնդել, որ պետության ամենօրյա կառավարման ամբողջական պատասխանատվությունը կրում է <ժողովրդի> կողմից ձևավորված ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, և յուրաքանչյուր առիթով <ժողովրդի> վրա որոշում ընդունելու պարտավորության սահմանումը կարող է ընկալվել որպես ուղղակի պատասխանատվությունից խուսափելու միջոց։

Քաղաքական գործընթացին մասնակցող իմ ընկերներին հորդորում եմ առավելագույնս խուսափել <ժողովուրդ> եզրույթի կիրառումից, և իրենց կողմնակիցներին, համակիրներին, հասարակության շահագրգիռ խմբերին կամ ժողովրդական լայն զանգվածներին որպես <ժողովուրդ> ներկայացնելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել