2018 թվականի հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի կենտրոնում գործող «Այգի» ռեստորանային համալիրում հնչել են կրակոցներ, կան տուժածներ։ 

Նախնական տվյալներով՝ ռեստորանային համալիրում առաջացած վիճաբանության ժամանակ արձակվել են կրակոցներ, որի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ է ստացել ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը. վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա կենսաբանական մահը։ Նույն վիճաբանության ժամանակ հրազենային վնասվածք է ստացել նաեւ մեկ այլ քաղաքացի, ով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում այս պահին աշխատում է քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել