Զարմանալի, անգամ անհավանական պատմություններով լի է եղել երկու մեծ երգիչների՝ Շառլ Ազնավուրի և Էդիտ Պիաֆի մտերմությունը: Ազնավուրը հռչակավոր երգչուհի, Ֆրանսիայի կուռքը հանդիսացող Էդիտ Պիաֆի հետ ծանոթանում է 1946-ին Փարիզի սովորական սրճարաններից մեկում, որտեղ երեկոները չնչին վարձատրության դիմաց երգում էին Շառլն ու իր ընկերը: Պիաֆն այդ փոքրամարմին ու արտաքնապես ոչնչով աչքի չընկնող 22-ամյա հայ երիտասարդի մեջ կարողացավ տեսնել և բացահայտել Ֆրանսիայի ապագա մեծագույն շանսոնյեին՝ երգչին, երգահանին և բանաստեղծին: 

Ազնավուրի և Պիաֆի ստեղծագործական համագործակցությունը տևում է մոտ ութը տարի: Ազնավուրն այդ ընթացքում բազմաթիվ երգեր գրեց Պիաֆի համար, մասնակցում էր նրա համերգներին ու շրջագայություններին, անգամ մի որոշ ժամանակ ապրում էր նրա տանը, օգնում նրան ամեն ինչում, սակայն շատերն էին այդ երկու մեծերի ընկերությունը տարօրինակ անվանում: Եվ իրոք, Պիաֆը շատ քմահաճ և անկանխատեսելի բնավորություն ուներ, մշտապես չարաշահում էր ոգելից խմիչքներն ու բառացիորեն սրճարաններից դուրս չէր գալիս, նաև շատ հաճախ սիրեկաններ էր փոխում: Օրինակ՝ նա կարող էր մի օր հանկարծ հեռագիր ուղարկել Ազնավուրին՝ գրելով. «Շուտ արի այստեղ, առանց քեզ ես չեմ կարող ամուսնանալ»: Եվ ահա Ազնավուրը, ով որպես երգիչ արդեն ճանաչում էր ձեռք բերել, ստիպված ընդհատում էր իր նախապես ծրագրված հյուրախաղերը՝ վճարելով խոշոր տույժեր և թռչում-հասնում էր մի մայրցամաքից մյուսը, որպեսզի Պիաֆի կողքին լինի նրա հերթական բուռն սիրավեպի ընթացում, քանի որ դա երգչուհու այդ պահի ցանկությունն էր հանդիսացել:

Հայտնի փաստ է նաև, որ հենց Պիաֆի հորդորով է Ազնավուրն այդ տարիներին պլաստիկ վիրահատության ենթարկում իր կորաձև հայկական քիթը: «Քո քիթն ուղղակի անտանելի է, և պետք է շտապ ինչ-որ բան ձեռնարկել»,- անընդհատ ասում էր Պիաֆն Ազնավուրին, ու Շառլը ստիպված էր համաձայնել գնալ քթի վիրահատության: Եվ այստեղ էլ Պիաֆն իր ոճի մեջ է լինում. վիրահատությունից մեկ օր առաջ նա որոշում է այդ առթիվ երեկո կազմակերպել, և երբ արդեն բավականին գինովցած էր, հանկարծ ասում է Շառլին. «Գիտես, բայց քո քիթը ոնց որ թե այնքան էլ վատը չէ»: Սակայն բժշկի հետ պայմանավորվածությունն արդեն կար, և Ազնավուրը հաջորդ օրն իսկ վիրահատվում է: Այդպիսին էր Պիաֆը, և պարզ էր, որ այդ ամենը մի օր ավարտ է ունենալու, և նրանք բաժանվեցին, բայց Ազնավուրի համար Պիաֆը միշտ էլ մնաց որպես իր կյանքի երկնակամարում փայլատակած ամենավառ աստղը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել