Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ  ստեղծված էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խումբը ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել առնվազն 10 դրամով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց  աշխատանքային խմբի  անդամ, էներգետիկայի ոլորտի փորձագետ Էդուարդ Արզումանյանը` ներկայացնելով 2 ամսում էլեկտրաէներգիայի սակագնի ուսումնասիրության նախնական արդյունքները և դրա նվազեցման  հնարավորությունները:

«Առաջին հերթին, աշխատանքային խումբը գտնում է, որ «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ ընդունվել է ոչ ճիշտ սակագին: Երկրորդ` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սխալ որոշումներ է կայացրել 2016 թվականին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կորուստների տոկոսը թողել է 2015 թվականի կորուստի չափով: Եթե 2015 թվականին կորուստը կազմել է 11.3  տոկոս, ապա հաջորդ տարիներին, օրինակ` 2016 թվականին՝ մոտ 9 տոկոս, 2017-ին՝ 8.8 տոկոս, իսկ այս տարվա առաջին կիսամյակում եղել է 8 տոկոս, սակայն հանձնաժողովի սակագնի հաշվարկի մարժայում 11.3 տոկոս է»,-ընդգծեց Արզումանյանը:

 Ըստ փորձագետի` աշխատանքային խմբի մասնագետները հաշվել են, որ այդ տոկոսների տարբերության  հետևանքով  2020 թվականին կորուստը կկազմի 6-8 միլիարդ դրամ:

«Ներկայումս այդ սխալ հաշվարկի, սխալ պլանավորման պատճառով  3.6 միլիարդ դրամ վնաս արդեն իսկ հասցվել է»,- ասաց Արզումանյանը:

Աշխատանքային խմբի անդամն, առանձնացնելով մյուս դիտարկումները, նշեց, որ  2015 թվականին «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ, երբ սակագինը բարձրացվել էր 6.6 դրամով, այդ ժամանակ մի համանմանը, որը թույլ  էր տվել այդքան դրամով բարձրացնել`  ՀԷՑ-ի ընդունված սարքավորումների մաշվածության տոկոսը 4 տոկոսի փոխարեն 8 տոկոս դարձնելն է:

Նրա խոսքով` ճիշտ չի եղել նաև շահագործման ծախսերի հաշվարկը 2016 թվականի համար, որը վերանայման կարիք ունի, ինչպես նաև վերանայման կարիք ունի ՀՀ կառավարության կողմից Որոտանի ՀԷԿ-ի  ապապետականացման հիմնավորումները:

Էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի  նպատակն է ուսումնասիրել էլեկտրաէներգիայի և գազի սակագնի հավաստիությունը, ռիսկերի առկայությունը և արված հետազոտություններից հետո տալ գնահատականներ: Աշխատանքային խմբում ընդգրկված են 10 անդամ` գազի, էլեկտրաէներգիայի գծով փորձագետներ, տնտեսագետներ, ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել