Դեռ երեկ քսան տարեկան էի 
Ու վատնում էի ժամանակը իմ,
Խաղում կյանքիս հետ,
Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ,
Ու գիշերները ցերեկ դարձնում՝
Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում 
Ու հալվում է այս ժամանակի մեջ:
Ես ծրագրեր կազմեցի բազում, որոնք այդպես էլ մնացին օդում,
Եվ փայփայեցի ես այնքան հույսեր-այդ պատրանքները հօդս ցնդեցին:

Ես մոլորվել եմ, հիմա չգիտեմ դեպի ուր գնալ,
Եվ երկնքին եմ հայացքս հառել, բայց սիրտս արդեն հանձնել եմ հողին:
Դեռ երեկ քսան տարեկան էի,
Ու մսխում էի ժամանակը իմ,
Ես հույս ունեի կանգնեցնել նրան,
Զսպել ու սանձել,
Ու առաջ անցնել նրանից անգամ,
Բայց ես վազեցի, վազեցի միայն,
Շունչս կտրվեց, և ես հևասպառ կանգնել եմ հիմա:
Անտեսում էի անցած օրերս և ապագային էի իմ ապավինում,
Իմ «ես» -ն անպայման առաջ էր ընկնում բոլոր խոսքերից,
Համոզված էի, որ իմ կարծիքը ամենաճիշտն էր այլ կարծիքներից,
Երբ աշխարհն էինք ըմբոստ կեցվածքով մենք քննադատում:
Դեռ երեկ քսան տարեկան էի,
Բայց ես կորցրի ժամանակը իմ
Հիմարություն անելով միայն,
Որոնք իմ հոգուն բնավ չթողին 
Ոչ մի ճշմարիտ, որոշակի հետք,
Ճակատիս վրա մի քանի կնճիռ գոյացավ միայն,
Ու ձանձրույթի վախ....
Քանզի սերերս լույս աշխարհ չեկած իջան գերեզման,
Ընկերները իմ ինձնից հեռացան, նրանք այլևս չեն վերադառնա,
Մեղքը իմն է, որ շուրջս դատարկ է այսօր,
Ջահել օրերս ու կյանքս, ավաղ, վատնեցի իզուր:
Իմ լավ ու վատը ես չհասկացա,
Դեն շպրտեցի ամեն մի լավ բան,
Ու ինձ մնացին ժպիտներս պաղ,
Ու ինձ մնացին արցունքներս քար:
Որտե՞ղ է հիմա 
Ջահելությունը 
Իմ քսանամյա....
                                      Շարլ Ազնավուր
Թարգմ.՝ չգիտեմ ում ...)))

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել