Ապրիլի 24, 2015թ.

Ծիծեռնակաբերդում քամի էր ու ցուրտ: Բոլորս մրսել էինք ու սպասում էինք պաշտոնական արարողության մեկնարկին, երբ հանկարծ հետևից ինչ-որ մեկը ֆրանսերենով խնդրեց, որ իրեն թույլ տամ՝ առաջ անցնի: Շրջվեցի... Կարճ, ակնոցներով (չնայած որ արև չկար) և տաք հագնած փոքրամարմին մարդ էր՝ Շառլ Ազավուրը: 

Նրա՝ նույնիսկ հետնամուտքով մուտքը իրարանցում առաջացրեց: Նրա համար ինչ-որ տեղից գտան աթոռ, և նա նստեց հեռու, հեռու բոլոր պաշտոնական հյուրերից, քաղաքական գործիչներից: Նա միակն էր հրավիրված հյուրերից կամ գուցե եզակիներից, ովքեր եկել էին Ծիծեռնակաբերդ ոչ թե որովհետև հրավիրվել էր, այլ որովհետև սրտում կուտակված ցավ կար: 

Ցրտից փոքրամարմին մարդը սկսեց մրսել. նրան ծածկոց տվեցին, որով փաթաթվելով՝ ավելի փոքրացավ:
Այդ օրը Ծիծեռնակաբերդում նա միակն էր, որ մտքով անցավ գաղթի ամբողջ ճանապարհով, սգաց հարյուր տարի առաջ կորցրածի համար և այդ ամեն ինչը արեց միայնակ՝ բոլորից հեռու նստած: Մի ամբողջ ժողովրդի ցավ այդ օրը դաջված էր նրա դեմքին: Այդ օրվանից նա էր ինձ համար Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշը:

Հ.Գ. Այդ օրը ես չգիտեի, որ նա կարող է մի օր մահանալ. ինձ համար նա անմահ էր: Այսօր առավել քան վստահ եմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել