Ընկերներցս մեկն իր պատին հարցում էր դրել՝ «Ի՞նչ կարծիք ունեք Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը Հայաստանի օրներգ դարձնելու վերաբերյալ»:
Կարծիքս չէի գրի, եթե «ոչ» քվեարկելուց հետո սարսափով չտեսնեի կողմ քվեարկածների տոկոսը՝ այս պահին՝ 73%:
Լո՞ւրջ եք ասում…
Նախ՝ հարցը սխալ է ձևակերպված: Երգի հեղինակը Ազնավուրը չէ: Երգի հեղինակը մեր մյուս տաղանդավոր հայրենակից Ջորջ Կարվարենցն է: Ազնավուրը գրել է միայն ողբերգություն, կսկիծ ու ցավ արտահայտող այս երգի բառերը, որոնք կարեկցանք արթնացրին ողջ աշխարհում, ու մարդիկ օգնության ձեռք մեկնեցին մեզ (ի դեպ, նա գրել է ֆրանսերեն տեքստը, որը հետո թարգմանվել է․ բնականաբար, ֆրանսերեն տեքստով ՀՀ հիմն ունենալու մասին խոսելը, մեղմ ասած, ծիծաղելի կլինի):
Երգի թարգմանված բառերը կարդացեք ու միանգամից կհասկանաք, որ դրանք պետության օրհերգ չեն կարող լինել (մանավանդ երբ «թշվառ», «անտեր» բառերով կիսաիտալական անհասկանալի հիմն արդեն ունենք):
Երբ կոմպոզիտորը գրում է օրհներգ, այն չի կարող ծառայել այլ նպատակի, ինչպես նաև սովորական փոփ երգը չի կարող օրհներգ դառնալ: Չափի խնդրիր կա, առանց խոսքերի հնչեցնելու խնդիր կա, փողային նվագախմբով կատարելու խնդիր կա:
Արամ Խաչատրյանն էլ է համաշխարհային հանճար: Յուրաքանչյուր ազգ կամ պետութուն կերազեր ունենալ նման մեծության կողմից հեղինակած հիմն: Ինչո՞ւ ենք հիանալի գործը թողած դես ու դեն փնտրում: Ընդամենը պետք է փոխել խոսքերն այնպես, ինչպես արեցին ռուսները:
Խոնարհվում եմ Ազնավուրի հանճարի առաջ ու խնդրում եմ՝ այս թեման փակեք:
«Այո» քվեարկելը, մեղմ ասած, ամոթ է: