Panorama.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի տիկին, «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այս օրերին գտնվում է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում, որտեղ մասնակցում է Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին: Երեկ գագաթնաժողովի բացմանը Աննա Հակոբյանը  ելույթ է ունեցել։ Նրա գրասենյակից հայտնում են, որ գագաթնաժողովի շրջանակներում Աննա Հակոբյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել՝ քննարկելու Հայաստանում ուռուցքաբանության զարգացման հնարավոր ծրագրեր:

Գագաթնաժողովին Հայաստանից մասնակցում են նաև Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը և ուռուցքաբան-քիմիաթերապեւտ Դավիթ Զոհրաբյանը:

Վարչապետի տիկինն իր ելույթում մասնավորապես նշել է.

«Ի՞նչ եմ ես հասկացել այս կարճ ժամանակահատվածում՝ այն պահից, երբ դարձա մեր երկրում քաղցկեղի ամենախոշոր  հիմնադրամի՝ «Սիթի օֆ սմայլի» նախագահ: 

Առաջին՝ ես բացահայտեցի, որ քաղցկեղը սարսափելի չէ:
Երկրորդ՝ որ քաղցկեղը կառավարելու, նրան հաղթելու համար անհրաժեշտ են ընդամենը ֆինանսական ռեսուրսներ, բարի կամք և վճռականություն, որովհետև գիտությունն ու բժշկությունը մնացածն արդեն արել են, այսինքն՝ գտել են այս հիվանդության հաղթահարման բազմաթիվ բանալիներ և անընդհատ շարունակում են կատարելագործել դրանք:
Երրորդ՝ ես հասկացա, որ կան մարդիկ, որոնք ջանք չեն խնայում անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները հայթայթելու և ուղղորդելու համար»։

Նա ընդգծել է՝ այնուամենայնիվ, աշխարհի շատ երկրներում այս հիվանդությունը շարունակում է դատավճիռ լինել, քաղցկեղով հիվանդացած երեխաները շարունակում են մահանալ:

«Մենք ունենք երկրներ՝ հարուստ և զարգացած երկրներ, որտեղ քաղցկեղից մանկական մահացությունը 20 տոկոս է կազմում, և ունենք երկրներ, որտեղ 80-90 տոկոս է կազմում: Ահա սա այն վիճակագրությունն է, որ իմ կարծիքով պետք է օր առաջ փոխվի: Քաղցկեղով հիվանդացած երեխան մեղավոր չէ, որ չի ծնվել Շվեյցարիայում, ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում, որ կարողանա հաղթահարել իր հիվանդությունը և չդատապարտվել մահվան:

Իմ խորին համոզմամբ՝ աշխարհում կան բավարար չափով ֆինանսական ռեսուրսներ, որոնք կբավարարեն բոլորին և յուրաքանչյուրին՝ անկախ այն բանից, թե որ երկրում է հիվանդը գտնվում: Պետք ընդամենը կենտրոնացնել այդ միջոցները և կամք ունենալ դրանք ճիշտ և հավասար բաշխելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել