Ալֆրեդ Նոբելը (1833-1895թթ.) մասնագիտությամբ քիմիկոս և ճարտարագետ էր: Նա հսկայական կարողություն է դիզում մետաղարդյունաբերության, ինչպես նաև իր կատարած 355 գյուտերի շնորհիվ, որոնցից ամենահայտնին թերևս դինամիտն է: 1888թ.-ին ֆրանսիացի լրագրողները թյուրիմացաբար, սխալ տեղեկությունների վրա հիմնվելով հայտարարում են Նոբելի մահվան մասին: Նոբելը թերթում կարդում է իր մահախոսականը, հետևյալ վերնագրով՝ «Մահ վաճառողը մահացել է»: Սա ստիպում է Ալֆրեդ Նոբելին մտածել, թե աշխարհից հեռանալուց հետո ի՞նչ հետք է թողնելու մարդկանց հիշողության մեջ, և նա փոփոխում է իր կտակը (տե՛ս նկարը): Կտակում մասնավոր թելադրություն էր արվում, որպեսզի իր մահվանից հետո ողջ շարժական և անշարժ գույքը փոխարկվի գումարային արժեքի, զետեղվի հուսալի բանկում, և տարեցտարի հաշվի տոկոսները բաշխվեն մարդկությանը տվյալ տարում մեծ օգտակարություն բերած գիտնականների կամ գործիչների միջև: Հատուկ ցանկություն է նշվել նաև, որպեսզի մրցանակը հանձնելիս ազգային խտրություն չդրվի հավակնորդների միջև:
Նոբելի կտակը հրապարակվեց և հաստատվեց դատարանի կողմից 1897թ.-ին: Նույն տարում ստեղծվեց Նոբելյան կոմիտեն, 1900թ.-ին՝ Նոբելյան հիմնադրամը, որի կանոնակարգը (statutum) հաստատվեց Շվեդիայի արքա Օսկար II-ի կողմից: Ներկայացնենք հիմնական դրույթներից մի քանիսը... Բոլոր մրցանակները նախատեսված են անհատների համար, բացի խաղաղության մրցանակից, որը կարող է շնորհվել նաև կազմակերպություններին: Մի գիտության բնագավառում մրցանակը կարող է կիսվել նաև երկու աշխատությունների միջև, պայմանով, որ պարգևատրվողների թիվը չի գերազանցում երեքը: Մրցանակը չի շնորհվում հետմահու, բացառություն կատարվում է այն դեպքում, երբ հանձնաժողովի կողմից ընտրված հաղթողը մահացել է մրցանակաբաշխությունից կարճ ժամանակ առաջ: Եթե տվյալ տարում գիտության բնագավառներից որևէ մեկում հանձնաժողովն արժանավոր թեկնածու չի գտնում՝ այդ տարի պարգև կարող է և չհանձնվել. գումարը փոխանցվում է հաջորդ տարվա ֆոնդին:
Նոբելյան մրցանակաբաշխության սկիզբը դրվել է 1901թ.-ին: Սկզբնապես այս մրցանակը հանձնվում էր ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի/բժշկության, գրականության բնագավառներում և խաղաղության հաստատման գործում բերած ներդրման համար, բայց 1968թ.-ից այս շարքին ավելացել է նաև տնտեսագիտական մրցանակը: 1905թ.-ից սկսյալ խաղաղության մրցանակը շնորհվում է Օսլոյում, Նորվեգիայի արքայական ընտանիքի մասնակցությամբ, իսկ մնացյալ մրցանակները՝ Ստոկհոլմում, Շվեդիայի գահակալի ձեռամբ: Գլխավոր գրասենյակը գտնվում է Ստոկհոլմում, Շվեդիա: Եվ այսպես, ի՞նչ պարգևներ են ստանում Նոբելյան մրցանակակիրները. ա) Նոբելյան մրցանակակրի դիպլոմ, որը պատրաստվում է հատուկ պատվիրված թղթից, նկարազարդվում է միջնադարյան ձեռագրերի ծաղկման մեթոդներով՝ շվեդև նորվեգացի լավագույն մասնագետների կողմից, եզակի օրինակով: Նկարում տեսնում եք Սեմյուել Բեքեթի՝ գրականության բնագավառում 1969թ.-ին ստացված նոբելյան մրցանակակրի դիպլոմը, բ) Նոբելյան հուշամեդալ. զետեղված անվանական կաշվե տուփի մեջ, հատվում է Շվեդիայի արքայական դրամատան կողմից, պատրաստվում է 18 կարատ հարգի կանաչ ոսկուց (ոսկու, արծաթի և ռուբիդիումի ձուլվածք), որը ծածկվում է 24 կարատ հարգի ոսկու շերտով (տրամագիծը՝ 66մմ, քաշը՝ շուրջ 200գր.): Բոլոր բնագավառների գծով մեդալների մի երեսին Ալֆրեդ Նոբելի դիմապատկերն է՝ ծննդյան և մահվան թվականների լատիներեն նշումով, իսկ դարձերեսի պատկերը տարբեր է: Մեդալի եզրի մակերևույթին դրոշմվում է այն ստացողի անունը: Նկարում ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում շնորհվող մեդալն է, գ) Դրամական մրցանակ. Ալֆրեդ Նոբելի կտակած կարողությունն այժմ վերածվել է 1 մլրդ 702 մլն շվեդական կրոնի (255 մլն ԱՄՆ դոլար): Մրցանակի հանձնման պատմության ընթացքում դրամական մրցանակը տատանվել է 0.9-1.6 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում: 2012 թվականի մրցանակային ֆոնդը յուրաքանչյուր մրցանակակրի համար կազմել է 8 մլն շվեդական կրոն (1.2 մլն ԱՄՆ դոլար): Եթե մրցանակին արժանացվում են համահեղինակներ, ապա գումարը հավասար կերպով բաժանվում է նրանց միջև, պայմանով, որ գումարը չի կարող կիսվել 4 կամ ավելի անձանց միջև: Նոբելյան մրցանակաբաշխությունը հարուստ է նաև այլ ավանդույթներով, ինչպիսիք են՝ ավանդական դարձած նոբելյան ընթրիքը (հատուկ պատվիրված 1.6 մլն դոլար արժողությամբ սպասքով), որի սրահը զարդարվում է Նոբելի մահվան վայրից՝ Սան-Ռեմոյից ուղարկված 23.000 վարդերով, և դասական համերգը: 2013 թվականի Նոբելյան մրցանակաբաշխությունը Ստոկհոլմում տեղի կունենա հոկտեմբերի 7-14-ը:
Նյութի աղբյուր՝ http://philotheus.blogspot.com/2013/05/blog-post_24.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել