Այսօր Վերջին զանգն է, ու Հայաստանում տոնական մթնոլորտ է: Բոլոր նրանք, ովքեր անցել են այդ վերջինզանգյան իրավիճակի փուլը, ամեն տարի այս օրն անպայման ընկնում են հիշողության գիրկն ու համեմատական կարգով երևի թե ասում՝ մեր ժամանակ ուրիշ էր: Այո, ժամանակները փոխվում են, ու փոխվում է նաև տոնը տոնելու ձևերը: Այսօր մամուլում հրապարակվեց, որ սթրիփթիզ ակումբներից մեկը հրավիրում է իրենց ակումբ` նշելու Վերջին զանգը: Մի քանի տարի առաջ միգուցե այլ կերպ ընկալվեր, բայց այսօր ամեն ինչ նորմալ է համարվում, ու կարծես մի բութ անտարբերությամբ այլևս չենք զարմանում: Երբ երկրի կարևորագույն նորությունը Անժելա Սարգսյանի՝ պոռնո ֆիլմում նկարվելն է, երբ մերկապարուհի Վարդան ավելի մեծ ճանաչում ունի, ինչո՞ւ պետք է զարմանանք, որ աշակերտներն իրենց կյանքի նոր փուլ մտնելը չեն նշի որևէ սթրիփթիզ ակումբում:
Կյանքն առաջ է շարժվում, իսկ զարգացման այս թափը կարելի է օգտագործել որևէ ավելի հետաքրքիր նորարարությամբ: Մի քանի տարի առաջ, այդ ժամանակ ես 23 տարեկան է, Ջավախքում ուսուցիչ էի աշխատում, ու մեր դպրոցի վերջին զանգի կազմակերպումը վերցրի իմ ուսերին: Բացի գեղեցիկ սցենարից, օգտագործեցի նաև համակարգչային տեխնիկան իր ամբողջ կարողությամբ և գեղեցիկ շոու ստացվեց, նույնիսկ հարևան գյուղերից հատուկ եկել էին դիտելու: Մի գեղեցիկ անակնկալ էի պատրաստել. երբ բեմ հրավիրվեց ավարտական դասարանի առաջին ուսուցչուհին, բեմին տեղադրված հատուկ էկրանին ցուցադրվեցին առաջին դասարանում կազմակերպված «Հրաժեշտ այբբենարանին» միջոցառման տեսագրությունից կադրեր: Թե ինչ էմոցիաներ էին, չեմ կարող նկարագրել, բայց կարևորը, որ տոնը ստացվեց:
Ինչևէ, այդ օրը այնպիսի մի հաճելի զգացողություն է առաջացնում, որ ինչ էլ անես, միևնույն է, հատուկ է դառնում, օրվա նման գեղեցիկ: Կուզենայի, որ այսօր դպրոցին հրաժեշտ տվող բազմաթիվ աշակերտներ երբեք չափսոսան ու չամաչեն իրենց արածի համար ու կյանքի նոր փուլ մտնեն միայն գեղեցիկ հուշերով ու հաղթական զգացողությամբ: Թող օրվա հետ կապված բոլոր հիշողությունները միայն առաջացնեն «մեր ժամանակ ավելի լավ էր»-ը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ando.ari/posts/535504106484642
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել