Փարիզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ։ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահը  Սարգսյանը հանդիպում է ունեցել ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ THALES-ի ղեկավարության հետ։

Զրուցակիցների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընկերության բարձրաստիճան պատվիրակությունը կմասնակցի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10-ին նախատեսվող գործարար համաժողովին: Նախագահ Սարգսյանը կարևորել է ֆրանսիական հայտնի ընկերության գործուն և ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին:

Ըստ աղբյուրի, միջուկային և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում մասնագիտացած հանրահայտ Orano ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել է Հայաստանում ընկերության գործունեության հետ կապված հարցեր։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել ընկերության ներկայությունը մեր երկրում, մասնավորապես մասնակցությունը Հայկական ատոմային էլետրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման գործում։

ADS ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է մեր երկրի ներդրումային գրավչությանն ու գործարար միջավայրին, ներկայացրել փոխգործակցության ներուժը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանում ֆինանսական ծառայությունների տարածաշրջանային կենտրոն հիմնելու վերաբերյալ։

Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել նաև սննդամթերքի առաքման ոլորտում գործունեություն ծավալող հայտնի Sodial ընկերության ղեկավարության հետ։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում խոսվել է համագործակցության հնարավորությունների մասին։ Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերության պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ ուսումնասիրելու սննդարդյունաբերության ոլորտը և արտահանման հեռանկարները։

Խոսելով մեր երկրի ընձեռած մրցակցային առավելությունների մասին՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս՝ դեպի Եվրասիական տնտեսական միության շուկաներ։

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆրանսիական հանրահայտ «Դասո» (“Dassault”) ընկերության ղեկավար Օլիվիեր Դասոյի հետ։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ, որի մանրամասները կքննարկվեն և կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել