Աշխարհի ղեկավարները ծիծաղեցին նախագահ Թրամփի վրա,-գրում են ամերիկյան լրատվականները։ Զավեշտալի դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի 73-րդ նստաշրջանի ընթացքում, երբ ելույթ էր ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով հաճախ է հայտնվում սկանդալային պատմությունների կիզակետում։

«Երկու տարուց էլ կարճ ժամանակահատվածում իմ վարչակազմն արել է ավելին, քան մեր երկրի պատմության ընթացքում գոյություն ունեցած ցանկացած վարչակազմ»,-իր ելույթի սկզբում հայտարարել է Թրամփը, որին էլ հետևել է դահլիճում ներկա նախագահների, վարչապետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ծիծաղի պոռթկումը։ «Դա հենց այդպես է»,-անմիջապես նշել է Դոնալդ Թրամփը՝ մինչ նկատելը, որ բոլորը ծիծաղում են։ Իսկ արդեն լսելով ու տեսնելով բոլորի ծիծաղը, նա շարունակել է․ «Ես չէի սպասում այսպիսի արձագանք, բայց դա նորմալ է»։

Ամերիկացիները հայտնել են իրենց մտահոգությունը․ նրանց համար անսովոր է այն, որ ԱՄՆ նախագահի վրա ծիծաղեն համաշխարհային առաջնորդները։ Բանն այն է, որ նախագահ ընտրվելուց առաջ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտրարել է, որ տարբեր երկրների իշխանություններն ուղղակի ծիծաղում են ԱՄՆ-ի վրա՝ վերջինիս իշխանությունների վարած սխալ քաղաքականության պատճառով։

«Նրանք ծիծաղում են մեզ վրա։ Մեր ետևում նրանք ծիծաղում են մեզ վրա մեր իսկ սեփական հիմարության պատճառով»,-30 տարի առաջ Larry King Live հաղորդման ժամանակ ասել էր Թրամփը։ 2014 թվականին էլ իր թվիթերյան միկրոբլոգում Թրամփը գրել էր․ «Մեզ պետք է նախագահ, ով ողջ աշխարհի ծիծաղի առարկան չի լինի»։

Իսկ այսօր ունեցած իր ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահը շարունակել է խոսել իր վարած քաղաքականության շնորհիվ ԱՄՆ-ի ձեռք բերած հաջողությունների, մասնավորապես՝ տնտեսական աճի մասին։ Նա նաև նշել է, որ հիմա ԱՄՆ-ն շատ ավելի հզոր և հարուստ երկիր է, քան իր կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել