Լսեցի Աշոտյանի ելույթը, չնայած նրան, որ դժվար չէր արձանագրել ընդդիմադիր ուժերում գաղափարական հոսանքների տարբերությունները ու ցույց տված արդյունքները և մատնանշել դրանք, իհարկե ավելի ողջունելի կլիներ, եթե Աշոտյանը ծաղրելու փոխարեն խոսեր իր ղեկավարած ոլորտի բազմաթիվ բացթողումների մասին: Այնուամենայնիվ, կլինեմ արդարացի ու կարձանագրեմ, որ վատ ելույթ չէր, Աշոտյանը վատ չի կատարում Շարմազանովի հանձնարականը՝ ստանձնելով իշխանության կողմից ընդդիմության քննադատողի դերը:
Սակայն, իր ամբողջ ելույթը գրոշի արժեք չունի, որովհետև, երբ դու էլ ես սկսում արձանագրել իրողությունները, պարզ է դառնում, թե ով է Աշոտյանը, և ինչ նպատակ է հետապնդում իր ելույթը:
Եվ ահա, իրողություն առաջին. Աշոտյանի անմիջական երկու ղեկավարներից մեկը՝ Սերժը, հանդիսանում է քրեաօլիգարխիկ համակարգի գլուխը, ավելորդ չի նշել նաև իր եղբայրական կապը ամենահարուստ օլիգարխներից մեկի հետ: Երկրորդը՝ Տիգրանը, այն մարդն է, որը արդեն տարիներ շարունակ կատարելով առաջինի հանձնարարականը՝ բռնել գլխից, հայտարարում է կոռուպցիայի ու օլիգարխիայի դեմ վճռական պայքար բոլոր ոլոլորտներում, բայց նրան ոչ մի ձևով չի հաջողվում բռնել իր, Սերժի ու մնացածի գլխից և ենթարկել պատասխանատվության:
Իրողություն երկրորդ. Աշոտյանի գործընկերներն են ՀՀԿ-ի գաղափարախոսները՝ Լֆիկ Սամոն, Սաշիկը, Թոխմախի Մհերը, Նեմեց Ռուբոն, Մուկը, Բուռնաշը, Չյոռնիյ Գագոն, Շմայսը, Բառադի Համոն, Սասի Արտակը և այլք, որոնց միավորում է մի գաղափար, բայց այդ գաղափարը հաստատ մեծն Նժդեհի՝ մեզ թողած մտավոր ժառանգություն չէ, այդ գաղափարն է՝ թալանել:
Ուստի, մինչև հոսանքների մասին խոսելը նայեք ձեր ղեկավարած ոլորտին, մինչև գաղափարների մասին խոսելը նայեք ձեր կուսակիցներին:
Հ.Գ. Հուսով եմ՝ Աշոտյանի նախարարական աշխատավարձը առաջիկայում բավականացնելու է կոմունալ վճարումների կատարման համար:
Նավակ Ճոճող
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել