Գևորգ պապին բակում բոլորն էին ճանաչում և սիրում: Նա բակի ամենաաշխույժ և ամենաառույգ մարդն էր, չնայած արդեն 67 տարեկան էր: Գևորգ պապն էլ իր բոլոր հարևաններին էր շատ սիրում և հատկապես սիրում էր իր թոռնիկի` Գևորիկի ընկերներին` բակի երեխաներին, ում հետ ամեն գարնանը ծառատունկ էր անում: Օրվա մեծ մասը Գևորգ պապն անց էր կացնում բակում: Նա անգիր գիտեր բակի ամեն ծառն ու թուփը: Բայց բոլոր ծառերից առավել նա սիրում էր երկու, կողք կողքի աճող բարդիները, որոնք իրենից էլ տարեց էին: Գևորգ պապը նրանց սիրահար զույգ էր անվանում, ու երբ քամի էր լինում, ու բարդիների վերևի ճյուղերը քամուց ծածանվում էին և իրար հպվում, Գևորգ պապն ասում էր, որ բարդիներն այդպես համբուրվում են: Բարդիներից մեկի կատարին դեռ տարիներ առաջ մի արագիլ էր բույն դրել: Ու ճիշտ այն տարի, երբ ծնվեց Գևորգ պապի առաջին թոռնիկը` Գևորիկը, արագիլը ձագեր ունեցավ: Ու Գևորգ պապն ամեն անգամ իր առաջնեկին բակում ման ածելիս ցույց էր տալիս արագիլն ու իր ձագերին: Տարիներ անցան, և Գևորգ պապի թոռնիկ Գևորիկն արդեն ինքն էր ոգևորված իր ընկերներին պատմում արագիլների մասին այն ամենը, ինչ իրեն պատմել էր Գևորգ պապը: Ու մի տարի, երբ աշնանն արագիլները պատրաստվում էին չվել տաք երկրներ, Գևորիկը հարցրեց իր պապին.
-Պապիկ, արագիլներն էլի հետ են գալու, չէ՞:
-Իհարկե, Գևորիկ ջան, նրանք անպայման վերադառնալու են: Այ կտեսնես՝ գարնանը նրանք հետ կգան ու էլի կապրեն իրենց բույնի մեջ:
Ու մի անգամ, երբ հարևանուհին բողոքեց, որ արդեն գարուն է, բայց դեռ օրերը չեն տաքացել, Գևորիկը կտրվելով իր խաղալիքներից, վազեց պապու մոտ և հարցրեց.,
-Պապիկ, հիմա գարուն է, իսկ արագիլներն ինչու՞ չեն վերադարձել:
-Կգան թոռնիկս, շուտով կգան, -պատասխանեց Գևորգ պապը` գրկելով իր թոռնիկին:
Եվ այդպես ամեն օր առավոտյան արթնանալուն պես Գևորիկը վազում էր պապու մոտ և նույն հարցը տալիս, ու Գևորգ պապը պատասխանում էր, որ շատ շուտով նրանք կվերադառնան: Գարունն անցավ, բայց արագիլները չվերադարձան, ու Գևորիկն իջնում էր բակ ու տխուր կանգնում բարդիների մոտ: Գևորգ պապը, որ նրանից քիչ չէր տխրում, փորձում էր համոզել իր թոռնիկին, որ արագիլները հավանաբար ավելի լավ բույն են գտել իրենց համար, ավելի մեծ ու բարձր բարդու կատարին, բայց Գևորիկը չէր էլ ուզում լսել ավելի լավ բարդիների մասին, նրա համար իրենց բակի բարդիները լավագույնն էին աշխարհում, ու նա գիտեր, որ իր պապի համար նույնպես: Անցավ մի քանի տարի, և մի օր Գևորիկի հայրիկը նրան բացատրեց, որ իրենք պետք է մեկնեն այլ երկիր, որ իրենք պետք է գնան Ամերիկա, որովհետև գրին քարտ են շահել: Գևորիկը չհասկացավ, թե ինչ է այդ գրին քարտը, և ինչպես են այն շահում, ու թե շահելուց հետո ինչու են գնում Ամերիկա, բայց սկսեց ատել այդ գրին քարտը: Նա հասկացավ, որ էլ չի խաղալու իր ընկերների` Արեգի, Հայկի, Անիի, Լիլիթի և մյուսների հետ, որ էլ պապիկի հետ իրենց բակի ծառերը չի ջրելու, որ էլ բակում նոր ծառեր չի տնկելու, որ էլ բարդիների մոտ արագիլներին չի սպասելու: Ու երբ մի քանի ամիս անց նա հրաժեշտ էր տալիս իր պապիկին ու տատիկին, որ ծնողների հետ մեկներ Ամերիկա, նա փաթաթվեց իր պապիկին և հարցրեց.
-Պապիկ, մենք հետ ենք գալու, չէ՞, մենք արագիլների նման չենք լքելու մեր բույնը, չէ՞, պապիկ:
Գևորգ պապը գրկեց իր թոռնիկին և շշնջաց նրա ականջին.
-Այո՛, թոռնիկս, դուք անպայման վերադառնալու եք, ու խոստանում եմ՝ երբ վերադառնաք, արագիլներն արդեն իրենց բույն վերադարձած կլինեն, ու մենք միասին կգնանք նրանց մոտ... Գևորգ պապը փորձեց թաքցնել իր աչքերի արցունքները, երբ ինքնաթիռը օդ բարձրացավ և միացավ մյուս, թեկուզ և այլ ուղղություններով թռչող ինքնաթիռների երամին: Եվ ամեն երեկո նա իջնում էր բակ, միայնակ նստում բարդիների մոտ և սպասում, սպասում արագիլների վերադարձին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել