Խնամակալության և հոգաբարձության մարմինները և նրանց կից հանձնաժողովները Հայաստանում միակն են, որոնք համայնքներում իրականացնում են անմիջական աշխատանք ընտանիքների, մասնավորապես՝ երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանության ուղղությամբ: Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությամբ` Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով՝ իր կողմից հաստատված աշխատակարգին համապատասխան: Սա նշանակում է, որ հանձնաժողովի գործունեությունը և հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները պատշաճ կերպով չեն վերահսկվում, որի արդյունքում հանձնաժողովը կարող է կամայական մոտեցում ցուցաբերել երեխաների համար բախտորոշ հարցերին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումներում դիմումատուների կողմից բազմիցս բարձրացվել է հատկապես Խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից երեխայի կյանքի հետազոտության ոչ պատշաճ իրականացման վերաբերյալ հարցը:
Խնդիրն այն է, որ Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը: Անհրաժեշտ է պարբերաբար տնայցեր կազմակերպել երեխաների բնակության վայր, ինչպես նաև շարունակական կերպով հետազոտել երեխաների կյանքի պայմանները, մասնավորապես՝ այն ծնողի վերաբերմունքը դեպի երեխաները, որի հետ բնակվում են, երեխաների հոգեբանական վիճակը, նրանց առաջադիմությունը և այլն: Խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից պետք է հաշվի առնվեն երեխաների հիվանդությունները և այդ հիվանդությունների դեպքում երեխաների համար նախատեսված անհրաժեշտ հատուկ խնամքը:
Գործնականում, սակայն, հաճախ տրվում են եզրակացություններ մեկ տնային այցելությունից հետո, քանի որ սուբյեկտիվ գնահատմամբ մեկ տնայցը համարվում է բավարար: Պատճառը կյանքի պայմանների մանրամասն հետազոտություն իրականացնելու համար չափորոշիչների բացակայությունն է, ինչը այս ոլորտում առկա բազմաթիվ այլ օրենսդրական բացերի հետ մեկտեղ Խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատանքի թերությունների պատճառ է հանդիսանում:
Պաշտպանի կողմից առաջարկ էր ներկայացվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին քննարկել համապատասխան իրավական ակտերում լրացումներ կատարելու հարցը` կյանքի հետազոտման գործընթացը համապատասխան մարմնի կողմից գործնականում հստակ կարգավորելու և իրականացնելու համար:
Ի պատասխան՝ նախարարը հայտնել է, որ ներկայում իրականացվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագիր, որի արդյունքում մշակվում են ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծեր: Համակարգի ամբողջական ներդրմամբ կկարգավորվեն նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությամբ բարձրացված` երեխայի (ընտանիքի) կենսապայմանների հետազոտության, անհրաժեշտ սոցիալական ծառայությունների տրամադրման ողջ գործընթացի, դրա մոնիթորինգի և գնահատման հետ կապված հարաբերությունները:
Հույս ենք հայտնում, որ հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետևողական կլինի հետազոտման գործընթացի իրականացման հստակ կարգավորումներ նախատեսելու հարցում և ինտեգրված սոցիալական ծառայությունների ծրագրի իրականացման արդյունքում իրապես վեր կհանվեն երեխաների պաշտպանության համակարգի առկա թերությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել