Դու դժբախտ մարդ ես, եթե հիվանդ ես, բայց կրկնակի դժբախտ ես, եթե հիվանդ ես ու ՀՀ քաղաքացի ես: Պարզապես անտանելի է լինել հիվանդ նման պայմաններում: Եթե միլիոնատեր ես ու հիվանդ ես, դա իհարկե նորմալ է, բայց եթե ստացածդ ամսական 250.000 դրամ աշխատավարձ է, որը 4 մասի պետք է կիսես ու մի բան էլ հիվանդանոցից հիվանդանոց վազես, անհնար է: Իմ հիվանդությունն անհամատեղելի է աշխատածս գումարի չափի հետ, ու մեր բժիշկներն ինձ ամեն վայրկյան դրա մասին հիշեցնում են: Ի՞նչ անեմ, մեռնե՞մ 57 տարեկան հասակում: Ինքնասպանությո՞ւն գործեմ, որ անվերջ գրե՞ք դրա մասին: Չէ՛, տղերք, մեռնելն ինձ համար մեծ շռայլություն է: Ընտանիք ունեմ, որը ձեռքիս է նայում:
Սրտային անբավարարություն ունեմ: Ճնշումս 200-ից չի իջում, ու տախիկարդիա է զարգացել մոտս: Անընդհատ հևոցս թույլ չի տալիս նորմալ ապրել ու ամսվա մի քանի օրը ստիպված տրամադրում եմ բժիշկներին: Ծանոթներս խորհուրդ տվեցին Զեյթունի սրտաբանականը, ասացին, որ այնտեղ գները ավելի մատչելի են: Ինչպես տեղում պարզեցի, «ավելի մատչելի» ասվածը խիստ հարաբերական բան էր:
Ինձ վերաբերվում են ոչ թե որպես հիվանդի, համաքաղաքացու կամ պարզապես որպես հայի, այլ բանկոմատի, որտեղից անընդհատ կարելի է գումար հանել: Ինձ անընդհատ ստիպում են անցնել անհասկանալի պրոցեդուրաներ ու ամեն նման պրոցեդուրայի համար 5-10.000 դրամ են ուզում:
Պարզ օրինակ ասեմ: Երբ գնում էի ЭКГ անցնելու, դրանից հետո բժիշկս ինձ անմիջապես ուղարկում էր ЭХО-ի, որը, ինչպես հետո հասկացա, ոչ մի լրացուցիչ բան բուժող բժշկիս համար չէր բացահայտում: Ու ամեն անգամ ուղարկում էր կոնկրետ մասնագետի մոտ, կոնկրետ գումար վճարելու: Շաբաթական 3 անգա՞մ ես գնում բժշկի, 3 անգամ էլ պետք է ЭХО անցնես: Ինչի՞, ո՞ւմ համար, չես հասկանում: Դեղերը պետք է պարտադիր կոնկրետ դեղատնից առնես, որը 3-րդ մասում է: Ու բժիշկդ առանց ամաչելու ու կարմրելու պնդում է, որ այդտեղ որակով են դեղերը: Դեղե՞րն են որակով, թե՞ քո ծանոթը, որին կլիենտ ես պաս տալիս: Ու եթե էնտեղից չես առնում, խիստ նեղանում է:
Ու ամենաանտանելին այն է, որ հիվանդանոց ոտք դրածդ պահից քեզ անընդհատ սկսում են համոզել, որ պառկես այնտեղ: Ու մի էնպիսի անհասկանալի թիվ են ֆիքսել մեկ օր այդ տառականների որջում անցկացնելու համար, որ ապշում ես: Օրական 30.000 դրամ + այն բոլոր դեղերը, որը քեզ կներարկեն, կամ կխմես:
2 անգամ պառկեցի էդտեղ: Դժոխային պայմաններ են: Անընդհատ միզամուղ են տալիս, ու բնական է՝ զուգարան գնալու կարիք ես ունենում, իսկ Ծաղկաձորի հյուրանոցի գնի պալատում զուգարան չկա: Իսկ որտե՞ղ կա, միջանցքի վերջում: Ու էսպես կես ժամը մեկ հիվանդ սրտով ստիպված ես մետրեր հաղթահարել: Գնալ ու գալ:
Չգիտեմ՝ ինչ անեմ: Պարտքերի տակ եմ ընկնում ու գնալով ավելի ու ավելի խրվում դրանց մեջ: Մեղավո՞ր եմ, որ հիվանդ եմ: Մեղավո՞ր եմ, որ անբարեխիղճ բժիշկների պատճառով ստիպված եմ եռակի ու քառակի վճարել բուժմանս համար: Ասում եք՝ պայքարում եք հա՞ ոլորտում չարաշահումների դեմ: Տեսնում եմ՝ ինչպես եք պայքարում: Դուք միայն ձեր գրպանները չբարակելու դեմ եք պայքարում, տղերք: Ու մեզ էշի տեղ դնել պետք չի: