Մարդկության պատմությունը լեցուն է բյուր օրինակներով, երբ այլ երկրներ, պետություններ հարձակվել, թալանել, ավերել, գաղութացրել են այլ երկրների ու ազգերի, անգամ ֆիզիկապես ոչնչացրել նրան։ Փոքրիկ Մակեդոնիայի մեծ զավակ Ալեքսանդրը, ծնկի բերելով հզոր Պարսկաստանին, գրավելով մեծ ու փոքր այլ երկրներ, գրեթե հասել էր Հնդկաստան։ Հուլիոս Կեսարը, Չինգիզ խանը, Լենկ-Թեմուրը, Նապոլեոն Բոնապարտը և հին ու նոր աշխարհի շատ այլ զորավարներ, նվաճողներ իրենց երկրի համար նոր հողեր են գրավել, զավթել՝ ստրկացնելով, գաղութացնելով, թալանելով այլ ժողովուրդների ու ազգերի։ Նրանք բոլորը, եթե չստեղծեին հզոր երկիր ու բանակ, հազիվ թե երբևէ համարձակվեին հատել իրենց երկրի սահմանները։
Մարդկության պատմության մեծագույն մոլագարը՝ Ադոլֆ Հիտլերը, Գերմանիայի տնտեսությունն այնպիսի հզորության հասցրեց, այնպիսի հզոր բանակ ստեղծեց, որ կարճ ժամանակում նվաճել էր գրեթե ողջ Եվրոպան ու պատրաստվում էր մտնել Մոսկվա։
Դարեր, հազարամյակներ շարունակ միշտ մի երկիր, մի ինչ-որ ժողովուրդ ու ցեղ փորձել է նվաճել այլոց երկիրը, թալանել, ավերել այն։ Մարդկության պատմությունից ես չեմ հիշում դեպք, որ մի որևէ երկիր ոչնչացնի, ինքնաոչնչացնի իրեն, ինքն իրեն թալանի ու ավերի։ Չգիտեմ թեկուզ մի դեպք, որ որևէ երկրի իշխանություն բռնաբարի սեփական երկիրն ու ժողովրդին, ոչ թե փորձի ընդլայնել, այլ, աջ ու ձախ ծախծխելով, փորձի ավելի թուլացնել, օտարից ստրկական կախվածության մեջ դնել հայրենի երկիրն ու ժողովրդին։ Նույնն է, թե ծառի ճյուղին նստած մեկը սղոցի այն ճյուղը, որի վրա ինքն է նստած...
Միակ բացառությունը Հայաստանն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardges.ovyan/posts/383905685051774
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել